Պոլիտեխնիկում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվել է դիմորդների դիմում-հայտերի ընդունումը: Գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը՝ ներառյալ մինչև ժ. 18.00: Առաջին դիմորդները ծնողների ուղեկցությամբ արդեն ներկայացել են և ընդունող հանձնաժողովի խորհրդատուների օգնությամբ լրացրել են դիմում-հայտերը: Այս տարի ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների նոր ցանկով՝ 21 մասնագիտություն՝ 30 կրթական ծրագրերով: Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ՀԱՊՀ-ին հատկացված է 262 տեղ, այդ թվում 22 տեղ բանակից զորացրվածների համար է:

Ի դեպ՝ վերջինի դեպքում մրցույթն իրականացվելու է միայն բանակից զորացրվածների միջև: ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով հատկացվել է անվճար, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ 10 տեղ՝ չորս կրթական ծրագրերով:

4

Մեզ հետ զրույցում Ընդունող հանձնաժողովի քարտուղար Նորայր Հարությունյանը նշեց այս տարվա ընդունելության առանձնահատկությունները: Մասնավորապես՝ ՀԱՊՀ դիմորդներն անվճար (բացառությամբ «Տնտեսագիտություն» և «Դիզայն» մասնագիտությունների) ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար, որպես մրցութային գնահատական, կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:

5

Ասել է թե՝ անվճար տեղի համար դիմորդն այս տարի կարող է պայքարել՝ ունենալով միասնական մեկ քննության դրական գնահատական: Իհարկե, մրցութային առարկաներից միասնական բոլոր քննությունները հանձնող դիմորդներն օգտվում են առաջնահերթ ընդունվելու արտոնությունից:

Դիզայն մասնագիտության դիմորդները կարող են ընտրել Գծագրություն, Գծանկար, Կոմպոզիցիա քննություններից առնվազն 2-ը և մրցույթին մասնակցել բոլոր դրական գնահատականների գումարային միավորով:

«Ի տարբերություն նախորդ տարիների, – ասաց մեր զրուցակիցը,- երբ մրցույթն իրականացվում էր ֆակուլտետային սկզբունքով, այս տարի լինելու է ըստ կրթական ծրագրերի: Կարծում ենք, այս սկզբունքով ընդունելությունը կբացահայտի յուրաքանչյուր կրթական ծրագրի պահանջարկը դիմորդների կողմից»:

8

Հավելենք, որ ՀԱՊՀ «Ծրագրային ճարտարագիտություն», «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունների բակալավրական և մագիստրոսական ծրագրերը առաջինն են ՀՀ բուհական համակարգում, որ հավատարմագրվել են (2015թ. ապրիլ) Գերմանիայի Բնական գիտությունների, ճարտարագիտությունների, Ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման գործակալությունների կողմից: Հավատարմագրման գործընթացի արդյունքում՝ նշված բակալավրական ծրագրերն ստացել են եվրոպական որակի հավատարմագրեր ASIIN կողմից և Euro-Inf հավաստանշաններ:

Բուհն ունի մասնագիտական հագեցած գրադարան, էլեկտրոնային ընթերցասրահներ, ուսանողը կարող է կատարել էլեկտրոնային փնտրտուք, կատարել պատվեր և անվճար օգտվել էլեկտրոնային գրադարանից:
«Իհարկե շատ վաղ է դիմորդների թվի մասին կարծիք հայտնել,- նկատեց պարոն Հարությունյանը,- սակայն մի բան հստակ է. այս տարի առաջին անգամ, Հանրապետությունում սկսած միասնական քննությունների ներդրման օրվանից, Երևանում Մաթեմատիկա առարկայից միասնական քննություն հայտագրած դիմորդների թիվը գերազանցում է Հայոց լեզու և գրականություն հայտագրած դիմորդների թվին: Սա մեզ հուսադրում է, որ ճարտարագիտական կրթությունը գերադասողները ևս շատ կլինեն»:




Լրահոս