ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քրոջս ամուսինը 6 տարի է՝ անհայտ կորել է, եւ ոչ մի տեղեկություն նրանից չունենք: Քույրս ուզում է ամուսնալուծվել: Ինչպե՞ս պետք է կատարվի նրանց ամուսնալուծությունը, եթե չգիտենք՝ ամուսինը մեկ ուրիշ երկրում է, թե արդեն մահացել է:

Արտակ Բադեյան (38 տարեկան, առաքիչ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա՝ հաջորդ տարվա հունվարի մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
«ՔԿԱԳ մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն՝ ամուսնալուծության պետական գրանցման հիմքերն են՝ ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով:
Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է ամուսինների (ամուսիններից մեկի) բնակության վայրի կամ ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը:

շարունակելի
«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, այս դեպքում նախ պետք է ապացուցել, որ անձը անհայտ բացակայող է, ապա նոր միայն մտածել հետագա հարցերի մասին:




Լրահոս