Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումն ու խորացումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են տեխնիկական սարքավորումների կիրառմանն ու դրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿի Զարգացման ծրագրի ընտրությունների աջակցության միացյալ աշխատախմբի ընտրական աջակցության հարցերով մասնագետ Դան Մալինովիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ Զորան Տրայկովսկին և Ռոման Շպակը: