«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի` այս տարվա ապրիլի 17-ին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հաշված օրեր անց տեղի ունեցած ընտրություններից առաջ հանրությունն ակնկալում էր, որ այս անգամ, երբ սահմանին կանգնած հայ զինվորը Հայրենիքը պաշտպանելու համար իր կյանքն է զոհում, ՀՀ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին կապերից չեն արձակի եւ ընտրողների վրա բաց չեն թողնի: Սակայն ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ինչպես հենվել է ընտրակեղծարարների վրա, այնպես էլ շարունակում է վարվել: Երիցս ապացուցվեց, որ ընտրակեղծարարը անհայրենիք եւ պիղծ է, նրա միակ սրբությունը փողն ու իշխանությունն է:
Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռեւս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին: Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին եւ անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին:
Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին եւ բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, եւ ոչինչ նրան չի շտկի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: