“ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստեղծված և նրանց ղեկավարությամբ տարիներ շարունակ գործած ֆինանսական բուրգի հայտնի գործը, որի շրջանակներում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից մոտ 2.5 միլիոն դոլար էր “հավաքագրվել”, ըստ ամենայնի, գտնվում է կոծկման փուլում։ Երեկ Հատուկ քննչական ծառայությունից մեր թղթակցին հայտնել են, որ այդ գործով կա մեկ ձերբակալված, սակայն անունը և գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել։ Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածը ոմն Արթուր Անդրեասյանն է, ով փաստացի կառավարել է նշված ֆինանսական բուրգը։ Նա նաև “Մոսկվիչկա” սուպերմարկետների ցանցում գործող փոխանակման կետերի համակարգողն է։ Միևնույն ժամանակ մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն այլ անձանցից 2.5 միլիոն դոլարի գումար հավաքած ու “սկած” այս բուրգին վերագրում է ընդամենը մոտ 25 հազար դոլարի գումար։ Այսինքն, իբր բուրգը այլ անձանցից յուրացրել է ընդամենը 25 հազար դոլար։ Բազմաթիվ անձինք, որոնցից գումար է վերցրել այս կառույցը, գործով չեն երևում։ Տուժող չի ճանաչվել նույնիսկ այն քաղաքացին, որը առաջինն է դիմում ներկայացրել իրավապահներին այս կառույցի գործունեության մասին և մոտ 50 հազար դոլար է կորցրել։
Ամենայն հավանականությամբ ձերբակալվածը կփոխհատուցի նշված 25 հազար դոլար գումարը և քրգործը կփակվի։ Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, ժամանակին զբաղեցրած պաշտոնից ազատվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Նույն գործով անցնող Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը նույնիսկ պաշտոնից չազատվեց։
Մի խոսքով, ակնհայտ է, որ ֆինանսական բուրգի գործը փակվում է և բարձրաստիճան որևէ ոստիկան դրա համար լուրջ պատիժ չի կրելու։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում