«Իրավունք» թերթը գրում է. ««Ջավախք» հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ:
Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց ետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:
Միջադեպի մանրամասները պարզելու նպատակով Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է մեկներ Ջավախք, սակայն այսօր «Իրավունք»-ը դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանից տեղեկացավ, որ պրն. Վարդանյանը դեռ չի մեկնել Ջավախք: «Մեկ-երկու հարցի մասին մոտ օրերս պարզաբանում պետք է ստանանք Սամցե-Ջավախքի նահանգապետից, ոստիկանությունից: Դրանից հետո Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք»,- ասաց Պարունակյանը:
Որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներ պարբերաբար հնչեցնում են Յուրի Վարդանյանի հրաժարականի պահանջը: Ինչպե՞ս է արձագանքում այս ազդակներին ու պահանջին դեսպանը: «Ցանկացած հայ մարդ նման ազդակները վատ կընկալի»,- պատասխանեց Պարունակյանը:
Մեր դիտարկմանը, թե պարոն Վարդանյանը նման ազդակների հնչեցումից հետո չի՞ փորձում հասկանալ` որտեղ է թերացել, դեսպանության խորհրդականն ասաց.«Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` դեսպանն ամեն կերպ գիտակցում է, էսպես ասեմ, իր սխալները, մեծ կամքի ուժ ունենալով` աշխատում է իր վրա ամեն օր: Եվ ասեմ ձեզ` դեսպանը չի սիրում փիառվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։