Երևանի միկրոավտոբուսների ղեկային մեխանիզմը մաշված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից հետո մայրաքաղաքում գործող հասարակական տրասնպորտային միջոցներում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, օրեր առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից հետո հասարակական տրանսպորտային միջոցներում իրականացված ստուգումները ի՞նչ տվեցին:

-Երեւանում միկրոավտոբուսի շահագործման տարիքը 5 է, իսկ ավտոբուսինը՝ 10, մինչդեռ 2012 թվականից մինչ օրս Երեւան ոչ մի հատ շարժակազմ չի մտել: Այսինքն՝ Երեւանում ամենաերիտասարդ ավտոբուսը 4 տարեկան է, որը, սակայն, հաջորդ տարի մենք չպետք է շահագործենք: Մեխանիզմը մաշվում է, որը 100 տոկոով վերականգնել հնարավոր չէ: Դա բացառվում է: Նույն եւ ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Ի՞նչ նշանակություն ունեն այդ ստուգումները կամ փոխադրողին 50 հազար դրամ վարչական տուգանք նշանակելը այն դեպքում, երբ նրա հարցերը դատարանն արդեն լուծել է: Այսօր շատ փոխադրողներ ֆինանսական խնդիրների պատճառով դատարաններից տուն չեն գնում:

-Իսկ ստուգումների արդյունքում կոնկրետ ի՞նչ տեսակի խախտումներ բացահայտվեցին:

-Մեր «խելոք» համաքաղաքացին պայթեցրեց ավտոբուսը, եւ դրանից հետո տհաճ պատկեր բացվեց ու դրվեց մեր առջեւ: Իսկ մինչ այդ ոչ ոք դրա մասին չէր խոսում, մեզ ոչ ոք չէր նկատում: Ստուգումների արդյունքում բացահայտվեց, որ այսօր Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չի կարելի: Ի՞նչ եք կարծում՝ տուգանելը բա՞ն կփոխի:

-Ձեր կողմից նշված խախտումները կոնկրետ ո՞ր երթուղիներում են հայտնաբերվել:

-Բոլոր: Չկա այնպիսի ձեռնարկություն, ընկերություն, որտեղ այդ խնդիրները չկան: Ամենավատ մեքենաները «Բոգդան» տեսակի ավտոբուսներն են, որովհետեւ դրանց ամրությունը լավ վիճակում չէ, շահագործելու մեքենաներ չեն: Իսկ մյուս՝ չինական արտադրության ավտոբուսների պահեստամասերը փոխարինելը մեծ դժվարությունների հետ է կապված. լեզվի խնդիր կա, հեռավորությունը եւ այլն: Լինում են դեպքեր, երբ պատվիրում են մի պահեստամաս, բայց մեկ այլ պահեստամաս է գալիս: Չինական կողմից պատճառաբանում են, որ ճիշտ չի թարգմանվել: Բայց անգլերենից թարգամանում են չինարեն եւ պատվիրում են, ենթադրենք՝ հետին կամրջակ, բայց գալիս է առջեւի կամրջակ:

-«Ժողովորդ»-ը բազմաթիվ դժգոհություններ է ստանում մայրաքաղաքի միկրոավտոբուսների ոչ սարքին վիճակի հետ կապված: Կան միկրոավտոբուսներ կամ ավտոբուսներ, որտեղ նստարան չկա, կամ էլ նստատեղերն են վնասված: Իսկ կեղտոտ նստարանների մասին ավելորդ է խոսելը:

-Որտեղից լինի, երբ ամեն երեկո վարորդը այնքան չնչին գումար է տանում, մուծում, որը չի բավարարում մեքենաները նորոգելու համար: Եթե գծատերն ունի 50 մեքենա, երկուսը կանգնեցնում է, հետո դրանց պահեստամասերը տեղադրում է այն 48-ի վրա եւ այդ կերպ յոլա գնում: Անշահութաբեր է: Իսկ տուգանելը ոչ մի խնդիր չի լուծում:

-Իսկ մեքենան նորոգելը ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում՝ վարորդի՞, թե՞ գծատիրոջ:

-Գծատիրոջ, բայց հարցնում եմ՝ ինչո՞վ: Չկա այդ գումարը: Եթե ինքը ավելի քիչ է վերցնում, քան ներդնում է, ապա ինչո՞վ նորոգի:

-Լավ, իսկ այս հարցի լուծման ի՞նչ տարբերակ եք հնարավոր համարում:

-Ես առաջարկում եմ ոչ միայն ուղեվարձը թանկացնել, այլեւ հասարակական երթուղի սպասարկող վարորդներին գազն ու դիզվառելիքը շուկայականից էժան գնով առաջարկել: Մենք վնասվում ենք, գոնե այդպես մեր վնասների չափը կնվազեցվի: Պահեստամասերը նույնպես թանկացել են: Սրանք ուղիներ են, որոնք մեզ՝ փոխադրողներիս, թույլ կտան մի փոքր շնչել:

-Պարո՛ն Եղիազարյան, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյա՞կ է Երեւանում շահագործվող հասարակական տրանսպորտի խնդիրներից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք վերացնելու ուղղությամբ:

-Ենթադրենք՝ դրանք իմ սեփականությունն են, եւ ես պայմանագրով քաղաքապետարանի հետ աշխատում եմ, ապա ի՞նչ կարող են նրանք անել: Իրենց ձեռքը ոչինչ չկա: Մրցույթը հայտարարել են, ես շահել եմ եւ սպասարկում եմ երթուղին: Ի դեպ, արդեն 5-րդ տարի է, ինչ հայտարարված մրցույթներին ոչ մի ընկերություն չի մասնակցում: Սա ինչի մասին է խոսում…

-Այսինքն՝ մրցույթին մասնակցելուց եւ շահելուց հետո քաղաքապետարանը չի՞ ստուգում, թե մրցույթը շահած ընկերությունն ի՞նչ տրանսպորտային միջոց ունի, կամ դրանք սարքի՞ն են, թե՞ ոչ:

-Դա խորհրդային տարիների մտածելակերպ է, սուբյեկտ գտնեն, որ պատժեն…

-Եթե ընկերությունը մրցույթը շահել է, իսկ տրանսպորտային միջոցը սարքին վիճակում չէ, ապա օդում կախվա՞ծ է մնում ուղեւորի անվտանգության հարցը:

-Ենթադրենք՝ ես գծատերն եմ, եկել են ստուգումների, ու հարցնում են, թե ինչու են ձեր մեքենայի անվադողերը մաշված: Ես էլ ասում եմ, որովհետեւ փող չունեմ՝ դրանք նորով փոխարինելու համար:

Հ.Գ. Օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ ուսումնասիրել բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը: Հուսանք՝ քաղաքապետի այս հանձնարարականը դրական փոփոխություններ կմտցնի Երեւանի հասարակական տրանսպորտում:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս