Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության դաշինքի միջև մայիսի 5-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր և մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ, Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և   «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ապրիլի քառօրյա պատերազմը իր հրամայականը թողեց բոլորին՝ համախմբվել և առկա ռեսուրսների համադրմամբ կրկնապատկել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Նա խոսքով, Մոր և մանկան առողջության դաշինքում համախմբել են կազմակերպություններ, որոնք ունեն լուրջ ներուժ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին գործակցելու՝ ձևավորելով սնուցման բարելավման ազգային ռազմավարության համատեղ մոնիտորինգային խումբ, իրականացնել սնուցման ազգային ռազմավարության, մասնավորապես` առողջ ապրելակերպի խթանման և սնուցման քաղաքականության համատեղ մշտադիտարկում:

Սույն հուշագիրը մեծապես կնպաստի մոր, մանկան և դեռահասների  սնուցման  քաղաքականության, հանրային առողջության, առողջապահական ծառայությունների, առողջ ապրելակերպի ռազմավարության  իրականացման և մշտադիտարկման գործընթացին՝ հնարավորություն ընձեռելով միավորել Առողջապահության նախարարության և քաղաքացիական հասարակության, ի դեմս Մոր և մանկան առողջության դաշինքի, ջանքերն ու ռեսուրսները.

Որպես առաջին, քայլ կիրականացվի դպրոցներում դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում Մոր և մանկան առողջության դաշինքի և Առողջապահության նախարարության հետ համատեղ, որին կհաջորդեն իրազեկման քարոզարշավներ՝ բարձրացնելու ինչպես դեռահասների, այնպես էլ ծնողների դերակատարությունը դպրոցներում սնուցման մշտադիտարկման/վերահսկման և հետագա բարելավման նպատակով:




Լրահոս