Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը խեղված ձեւաչափին նոր մոտեցում տալու հնարավորություն է. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը երեկ հայտնել էր,  ՀՀ կառավարությունը հաստատեց  ԱԺ երկու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս կգնահատեք հակամարտության այս փուլում Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման շուրջ նախագիծ ստեղծելու գաղափարը:

-Բնականաբար, շատ ակնհայտ է այդ գործընթացի թե՛ սկիզբը, թե՛ շարունակականությունը:  Պետք է հաշվի առնել, որ ապրիլի 2-ից հետո, երբ  ստեղծվեց  ռազմաքաղաքական նոր իրավիճակ, մենք բարձրաձայնեցինք  եւ ակնկալում էինք, որ բանակցությունների շուրջ ծավալվող մոտեցումները պետք է նոր սկզբունքներով տեղի ունենան, սակայն արդեն ակնհայտ էր, որ որեւէ  բանակցային գործընթացի մասին  գոնե այս պահին քայլեր չեն ձեռնարկվում,  ոչ էլ երեւում է այդ հարցում միջնորդների՝ կառուցողական եւ կոնստրուկտիվ  լինելու առաքելությունը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ղարաբաղի ճանաչման մասին կառավարության օրինագծի ընդունումը եւ ԱԺ ուղարկելու փաստը այդ խեղված ձեւաչափին նոր մոտեցում տալու հնարավորություն է:

-Իսկ այնուամենայնիվ, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ ճանաչումը, ի՞նչ սպասել Ադրբեջանից:

-Ադրբեջանը՝ հենց ինքն է արդեն ստեղծել այդ նախադրյալները եւ տվել այդ առիթը, որից կարծում եմ՝  մենք ոչ միայն կարող ենք շատ օգտվել, այլեւ հստակ քայլեր անել, եւ Ադրբեջանը իր ռազմական նոր ագրեսիայով հիմք է տվել համապատասխան քայլերի. կարծում եմ՝ Ադրբեջանը դեռ շարունակում է իր՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու պահվածքը, որին հակակշիռ է ՀՀ կողմից ԼՂ ճանաչումը, ինչպես նաեւ  այդ փորձը՝ միջազգային հանրության տարբեր  օղակներում  տարածելու եւ  արդեն իսկ հարաբերություններ ձեւավորելու:

-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը միջազգային հարթակում սադրիչ քարոզչության, այսինքն՝ իր իսկ արարքների համար հայկական կողմին մեղադրելու միջոցով փորձում է հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Ես երեկ սահմանին էի՝ այն կարեւոր հյուսիսային հատվածում, տեսնում էի, բնականաբար, ոչ միայն մեր կողմի զինվորների, այլեւ տեղի ժողովրդի, պատասխանատուներին ընդհանուր տրամադրվածությունը, տեղեկություններ ստանում հակառակ կողմի կուտակումներից, անցուդարձից: Եվ, այո, բնականաբար, Ադրբեջանը փորձում է ռազմական գործողությունների անհաջող փորձից, ինչպես նաեւ դիվանագիտական ճակատում կրած անհաջողությունները փորձում է տանել շատնաժի ճանապարհով եւ  ստեղծել որոշակի մթնոլորտ, որով կարող է նաեւ ազդել միջազգային հանրության վրա:

-Պարո՛ն Իշխանյան, իսկ ի՞նչ կասեք Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգ» գործակալության տված հարցազրույցի ժամանակ արված հայտարարության վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում էր  դեռ 2011 թվականին ԼՂ  5 տարածքներ զիջելու հայկական կողմի պատրաստակամության վերաբերյալ:

-Մենք արդեն իսկ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Կարող եմ պարզապես նշել, որ  տարածքների զիջում հասկացությունը դուրս է մեր պատկերացումներից՝ ասել է, թե՝ բանակցային  գործընթացում հողային զիջման ցանկացած մոտեցում անընդունելի է մեզ համար:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս