Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ հրաժարական տվեց: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նա այդ քայլին դիմեց՝ ելնելով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շահերից: Այդուհանդերձ փորձագետները նշում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետի միջեւ մրցակցություն կար:
2014 թվականին Դավութօղլուն Էրդողանի ամենամտերիմ աջակիցներից էր, նրա հրաժարականը տարբեր խոսակցությունների առիթ տվեց, ըստ որոնց՝ իշխանական կուսակցության մեջ պառակտում էր առաջացել, սակայն հենց Դավութօղլուն շտապեց հերքել այդ տեղեկատվությունը՝ հավաստիացնելով, որ Էրդողանի հետ իր անձնական հարաբերությունները «եղբայրական» են, եւ նա երբեք բացասական չի արտահայտվի Էրդողանի մասին:
Այնուամենայնիվ, ԶԼՄ-ները ընդգծում են, որ վարչապետի եւ նախագահի միջեւ տարաձայնությունները երկար ժամանակ է՝ առկա են, եւ առնչվում են երկրի պետական քաղաքականության կարեւոր հարցերին: Դավութօղլուն, մասնավորապես, կողմ էր Քրդական աշխատավորական կուսակցության հետ բանակցություններ վարելու գաղափարին, ինչպես նաեւ դեմ էր փորձագետների եւ լրագրողների ձերբակալությանը, ովքեր մշտապես հայտվնում էին դատական գործընթացներում Էրդողանի քաղաքականությունը քննադատելու պատճառով:
«izvestia.ru» լրատվական կայքին տված հարցազրույցում թուրքագետ Վլադիմիր Ավատկով եզրակացրել է, որ Էրդողանը ցանկանում է խորհրդարանական համակարգից անցնել նախագահականի, եւ վարչապետի լիազորությունների ամրապնդումը նրան ձեռնտու չէ:
«Լուրեր են պտտվում Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, եւ չի բացառվում, որ Էրդողանը կրկին ղեկավարի կուսակցությունը եւ հետագայում համատեղի նախագահի եւ վարչապետի պաշտոնները»:
Փորձագետը համաձայն է, որ Դավութօղլուն ձգտում էր միջազգային հարթակում Թուրքիան դարձնել ավելի ակտիվ խաղացող, ընդլայնել լիազորությունները, ինչն էլ մեծապես ազդեց Էրդողանին:
«Էրդողանի պաշտոնանկությամբ Թուրքիայի ներքին քաղաքականությունը կմնա նույնը, սակայն կլինի ավելի իմպուլսիվ եւ ավելի քիչ կշռադատված: Դավութօղլուի հրաժարականը չի նշանակում իշխանական կուսակցության կամ Էրդողանի դիրքերի թուլացում»:
Թարգմանիչ՝ Սյուզի Մուրադյան