Տասն օրվա ընթացքում խորհրդարան կմտնի զորակոչից տարկետում ստանալու իրավունքը վերացնելու մասին նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակոբյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում: Ըստ այդ փոփոխությունների` առաջարկվում է հանել ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

«Ես և Թևան Պողոսյանը մեկ տարի առաջ ներկայացրեցինք այս նախագիծը, և ես վերջերս դիմեցի կառավարությանը, թե ո՞րն է նրա դիրքորոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ամբողջական փաթեթ է մշակում զինապարտության մասին, և մեր առաջարկությունները տեղ կգտնեն այդ փաթեթում»,- հյատնեց Ռուբեն Հակոբյանը:

Նա հավելեց, որ հարցը լայն հնչեղություն ունի, և իրենք պատրաստ են սպասել կառավարության փաթեթի ներկայացմանը:

«Պետք է կոչ անեմ այս պահին զերծ մնալ քննարկումներից: Խոսել եմ ԿԳ նախարարի հետ, ՊՆ ներկայացուցիչների հետ, Դավիթ Հարությունյանի հետ: Առավելագույնը տասը օրվա ընթացքում հարցը կմտնի խորհրդարան: Որպեսզի կրկնություն չլինի, որոշեցինք առայժմ հանել քննարկումից: Երբ տասը օրվա ընթացքում մտնի խորհրդարան, լիարժեք կքննարկենք հարցը»,- հավելեց պատգամավորը:




Լրահոս