Պաշտոնական Մոսկվան ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով», – ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան և շարունակել․ – «Վերահաստատում ենք որպես միջազգային միջնորդ՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կողմերին այդ նպատակի համար ամենայն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»:
«ԱԳՆ-ի, նախարարության ղեկավարության մակարդակով շփումների օրակարգից այդ թեման չի հեռանում, դրան առաջնահերթ ուշադրություն է հատկացվում տվյալ ժամանակահատվածում», – վստահեցրել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպման անցկացման հնարավորությունը մեկնաբանելով՝ Զախարովան ասել է․ – «Նման հնարավոր հանդիպում այժմ մշակվում է, անցկացման և ճշգրիտ ժամկետի մասին որոշում առայժմ ընդունված չէ: Սակայն հանդիպումը մշակվում է բավական ակտիվորեն: Խոսքը մոտակա շաբաթների մասին է»: Միաժամանակ, ըստ նրա, «ձևաչափի վերաբերյալ խոսելը դեռ վաղ է»: