Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագծի քննարկման գործընթացին:
Նա, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները հարցի վերաբերյալ:
Պարբերականը ներկայացնում է, որ ՀՀ ընդդիմադիր ուժերի կողմից առաջին անգամը չէ, որ նման առաջարկ է արվում, սակայն Կառավարությունը նման առաջարկները չի ընդունել՝ նշելով, որ այդ քայլը խոչընդոտ է հանդիսանում բանակցային գործընթացի համար:
«Կոմերսանտը» նաեւ տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ուշադրությամբ հետեւում է գործընթացի զարգացումներին, եւ որ նախագիծը դեռ չի քննարկվել Ռուսաստանի հետ:
«Մենք կրկին ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել բավականին փխրուն զինադադարը եւ հանգեցնել Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմանը»:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության պլանները, նշել է.
«Բաքուն համաձայն է Սերգեյ Լավրովի կոչին՝ այս առիթով անիմաստ խուճապի չմատնվել, բայց մեզ համար անհասկանալի է հայկական կողմի տրամաբանությունը, որը փորձում է խափանել Մինսկի խմբի գործողությունները»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ԱԺ երկու պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: