Ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 85 տոննա կանաչ զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին ավարտվեց 20-օր տեւած “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի ընթացքում հանրապետության ողջ տարածքում ոստիկանների կողմից իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեց եւ առգրավվեց անօրինական թմրամիջոցի մեծածավալ զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է “Կանեփ-կակաչ-2013”  համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր՝ հայտնաբերել եւ այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես եւ հայտնաբերել, բացահայտել եւ կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Նախքան բուն գործընթացին անցնելն՝ իրականցվեցին բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ: “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձեւով կազմակերպելու եւ իրականացնելու, ինչպես եւ անհրաժեշտ համագործակցությունն ապահովելու ու օպերատիվ գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու  նպատակով ոստիկանության Երեւան քաղաքում եւ մարզային վարչություններում ստեղծվեցին օպերատիվ շտաբներ,  պատասխանատուներ նշանակվեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները եւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվցին մարզեր:
Քսանօրյա քրտնաջան աշխատանքի, համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների եւ ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան ցանկալի արդյունքներ արձանագրել:
Ամփոփելով “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները՝ նշենք, որ 20 օր տեւած գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 85 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 81 դեպք: Առգրավվել են մոտ 3 կգ “մարիխուանա”, ավելի քան 1,5 մլ “սուբոտեքս”  եւ շուրջ  2 մլ “դեզոմորֆին” տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ “ափիոն” եւ հոգեմետ 48 դեղամիջոց: Հարուցվել է 40 քրեական գործ:
Տնամերձ 159 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ ապօրինի աճեցված ու մշակված մոտ հինգ տոննա կանեփի թփեր: Նշված փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, արձանագրվել է զենք եւ զինամթերք ապօրինի պահելու 14 դեպք: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ եւ 5 միավոր սառը զենք:
Նշված բոլոր փաստերով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով:




Լրահոս