Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի երիտասարդներն ամառային ճամբարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եկեք փորձենք” /”Let’s try!”/
Ատոմ Մխիթարյան. “Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է”
“Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: 
“Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռևս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն երիտասարդական ծրագրերի հնարավորությունների կամ տարածաշրջանային համագործակցության մասին: Երիտասարդության շրջանում դեռևս պետք է մշակվեն հանրային դիվանագիտության մեխանիզմեր: Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է”,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: 
Երիտասարդական երկխոսությունը զարգացնելու և տարածաշրջանում վստահությունն ուժեղացնելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնությունը /FYCA/ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, DRONI վրացական երիտասարդական ու Free Youth Association ադրբեջանական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աջակցում է ակտիվ երիտասարդական խմբերին կամ նախաձեռնություններին, ի մասնավորի տարածաշրջանում որպես հանրային դիվանագետներ հանդիսացող երիտասարդներին: Երիտասարդությունը խաղաղաշինության գործընթացում կարևոր դերակատարում ունի: Ծրագրի նպատակն է խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդական ծրագրերի, երիտասարդական ՀԿ-ների զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով, և ներառել նրանց տարածաշրջանի հանրային դիվանագիտության գործընթացներում: 
“Եկեք փորձենք” ծրագիրն, ըստ Ատոմ Մխիթարյանի, իր առջև խնդիր է դրել Կովկասում երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով երկխոսության մթնոլորտ ապահովել: Երեք երկրներում ստեղծվելու են երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում կներառվել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ: Միաժամանակ, ծրագրի կազմակերպիչները առաջիկայում խրախուսելու են երիտասարդներին լինել առավել ակտիվ՝ օգտագործելով ԶԼՄ-ների բոլոր հնարավորությունները, ինչպես նաև ստեղծվելու է տարածաշրջանային երիտասարդական ցանց: 
“Եկեք փորձենք” երիտասարդական ամառային ճամբարում երիտասարդները ծանոթացան մարդու իրավունքների, հաղորդակցության, ԶԼՄ-ների դերի ու հասարակական կարծիքի ձևավորման մեխանիզմներին: Դիտեցին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից պատրաստված տեսաֆիլմը՝ “Երիտասարդություն- քայլ առաջ”, Քոբուլեթում և Բաթումում լուսանկարեցին իրենց պատկերացմամբ խաղաղություն բնորոշող լուսանկարներ, որոնք ծրագրի վերջին օրը ցուցադրվեցին Քոբուլեթ քաղաքի ափամերձ հատվածում՝ մարդկանց հոծ բազմությանը: Համատեղ ուժերով կազմակերպվեց ֆլեշմոբ “Երիտասարդությունը հանուն խաղաղության” թեմայով: 
Աստղիկ Ավետիսյան, Քոբուլեթ




Լրահոս