ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ, մայիսի 6-ին ընդունել է «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանին, կազմակերպության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանին, «ՀՀ պատերազմի և զինված ուժերի» կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանին, Հայրենական մեծ պատերազմի վետերան Տիկին Ռոզալիա Աբգարյանին:
Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է մայիսյան հաղթանակների կերտման գործում ավագ սերնդի՝ մեր հայրերի ու պապերի ունեցած ներդրումը: «Ի վերջո հաղթանակները սկսվել են Ձեզանից: Այդ ծանր ժամանակահատվածում արագ համախմբվելով՝ Դուք Ձեր ողջ ուժը ներդրել եք արտաքին վտանգը չեզոքացնելու և պատերազմից պատվով ու հաղթանակով դուրս գալու համար: Եվ այսօր կարող ենք փաստել, որ մեր հաջորդ սերունդները ևս կարողացել են այդ գործի շարունակող լինել և դառնալ մերօրյա հաղթանակների կերտողներ»»,-դիմելով զրուցակիցներին՝ ընդգծել է նախարար Ասատրյանը:
Հանդիպման ընթացքում վետերանները շնորհակալություն են հայտնել նախարար Արտեմ Ասատրյանին ընդունելության համար, իրենց երախտագիտությունն են փոխանցել ՀՀ կառավարությանը՝ 50 վետերանների առողջարանային ուղեգրեր տրամադրելու համար, ինչպես նաև բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են դեղորայքների տրամադրմանը, բժիշկների տնային այցերի անհրաժեշտությանը և վետերանների որոշ խնդիրների աջակցությանը:
Նախարարը վստահեցրել է, որ բարձրացված խնդիրների ուղղությամբ աշխատանքներ կտարվեն և կտրվեն հնարավոր լուծումներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին