Տեղի ունեցավ «Արի տուն» և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա¬կին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Իմ Հայաստան»-ի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը», – ընդգծեց գերատեսչության ղեկավարը:
Նախարարը կարևորեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում բոլոր մասնակից գերատեսչությունների, տարածքային և մարզային կառույցների դերը անցած 7 տարիների ընթացքում ծրագրի կայացման գործում: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալ ընտանիքներին, ովքեր առանց պետության նյութական օժանդակության՝ սիրով և ջերմությամբ հյուրընկալում են Սփյուռքից ժամանած մեր հայ պատանիներին և երիտասարդներին», – նշեց նա:
Այնուհետև 2016թ. իրականացվելիք երկու ծրագրերը ներկայացրեց և «Արի տուն»-2015թ. ծրագրի ամփոփմամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նա ևս հավաստիացրեց, որ իրականացման հաջողությունը կախված է կազմակերպիչների ու գործընկերների ներդաշնակ, համակարգված գործողություններից: «Արի տուն»-ը նպաստում է Սփյուռքում
Հայաստանի պատանի դեսպանների թվի ավելացմանը: «Նրանք նոր թափ ու լիցք են հաղորդում համայնքային կյանքին, Սփյուռքը ավելի են կապում Մայր Հայրենիքի հետ, նպաստում հայապահպանությանը», – նշեց նա:
Ֆ.Զաքարյանը ներկայացրեց «Իմ Հայաս¬տան» համահայկական երրորդ փառատոնի 5 ուղղությունները՝ «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը), Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոս 1-5-ը), «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-
10-ը), «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 21-26-ը), «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26):
Նշվեց, որ փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: 2016թ. ևս փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում: Փառատոնին մասնակցում են տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, համույթներ և անհատ կատարողներ Սփյուռքի Արցախից և Հայաստանից:
«Իմ Հայաստան»-ը կմերկնարկի հուլիսի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական ազգային թատրոնում, պարարվեստի օրերով և կտևի 10 օր: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերին ներառվել է նաև «100+1» համերգային ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան տարբեր մարզերում՝ Շիրակի, Լոռվա, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» 2015թ. ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության համար հավաստագրեր հանձնեց գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզային և տարածքային մարմինների ներկայացուցիչներին՝ ըստ անվանակարգերի:
«Հուսալի գործընկեր» անվանակարգում մրցանակի արժանացան Երևանի քաղաքապետարանը և ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մասնակիցների առողջական խնդիրները պատշաճ լուծելու համար:
«Հայրենասիրական դաստիարակության ապահովում» անվանակարգում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ մասնակիցների հայրենասիրական դաստիարակությունն ապահովելու համար:
«Սրտացավ գործընկեր» անվանակարգում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
«Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Նշվեց, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ մասնակիցներին էին հանձնվել հավաստագրեր՝ «Լավագույն վարչական շրջան» անվանակարգում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանին, «Ակտիվ վարչական շրջան» անվանակարգում՝ Նոր Նորք վարչական շրջանին, «Աջակից վարչական շրջան» անվանակարգում՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններին:
«Լավագույն մարզ» անվանակարգում պարգևատրվեց Կոտայքի մարզը (մարզպետ՝ Կարապետ Գուլոյան)՝ ամենաշատ երիտասարդներ ընդունելու համար:
«Ակտիվ մարզ» անվանակարգում՝ Արարատի մարզը (մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյան):
«Աջակից մարզ» անվանակարգում՝ Գեղարքունիքի մարզը (մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան):
Մարզային համայնքներից՝ «Լավագույն համայնք» անվանակարգում՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը, «Մեծաթիվ հյուրընկալող» անվանակարգում՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքը, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը, Արարատի մարզի Այնթապ և Փ. Վեդի համայնքները:
«Ակտիվ համայնք» անվանակարգում՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը:
«Աջակից համայնք» անվանակարգում՝ Արարատի մարզի Արարատի քաղաքի Ոսկետափ և Մխչյան համայնքները:
Միջգերատեսչական նիստի մասնակիցների համար ցուցադրվեցին «Արի տուն» ծրագրի և «Իմ Հայաստան» փառատոնի մասին պատմող տեսանյութեր, որից հետո մասնակիցները հանդես եկան ծրագրերի մասին իրենց առաջարկություններով, ինչպես նաև հավաստիացրեցին, որ այս տարի ևս ամեն ինչ անելու են ծրագրերը պատշաճ և անվտանգ իրականացնելու համար: