Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2016 թվականի միասնական քննական կենտրոնների ցանկը: Դրանք ընդհանուր առմամբ 30-ն են, որոնցից տասը՝ Երեւանում: Մայրաքաղաքի քննական կենտրոնները տեղակայված են Երեւանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, թիվ 62, թիվ 118, թիվ 170, թիվ 189, թիվ 190 եւ թիվ 195 ավագ դպրոցներում, ինչպես նաեւ թիվ 20 եւ թիվ 196 հիմնական դպրոցներում:
Քննական կենտրոններ կլինեն նաեւ Հայաստանի բոլոր մարզերում՝ յուրաքանչյուրում մեկից երեքը: Արագածոտնի մարզում քննական կենտրոնները կտեղակայվեն Աշտարակի թիվ 3 եւ թիվ 5 դպրոցներում: Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում, Արմավիրի մարզում՝ Արմավիրի թիվ 5 եւ թիվ 6 դպրոցներում: Գեղարքունիքի մարզում քննական կենտրոններ կգործեն Գավառի թիվ 3 եւ թիվ 8 դպրոցներում, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 5 եւ 24 միջնակարգ դպրոցներում:
Կոտայքի մարզի քննական կենտրոնները կգտնվեն Չարենցավանի թիվ 1 եւ թիվ 3 դպրոցներում, Շիրակի մարզում՝ Գյումրու թիվ 21 եւ թիվ 10 հանրակրթական ուսումնական հաստատություններում: Սյունիքի մարզում քննակենտրոններ են բացվել Գորիսի թիվ 1, թիվ 3, ինչպես նաեւ Կապանի թիվ 9 դպրոցներում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի թիվ 3 դպրոցում, Տավուշի մարզում՝ Իջեւանի թիվ 3 եւ թիվ 4 դպրոցներում: Հիշեցնենք, որ միասնական եւ կենտրոնացված քննությունները կսկսվեն հունիսի 3-ին եւ կավարտվեն հունիսի 24-ին: Հիմնական այդ փուլի քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել մոտ 11 հազար 350 դիմորդ: