Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13­-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետը չի դատակոչվի դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­-ը, մայիսի 6-­ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ գործով 2 նոր վկաներ ներգրավելու մասին: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Վալերի Պերմյակովի հորը՝ Պավել Պերմյակովին:

Դատարանը նրանց որպես վկաներ ներգրավվելու միջնորդությունը մերժեց՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով: Դատարանին ներկայացվեց ևս մեկ միջնորդություն այս անգամ Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի վերաբերյալ: Այս միջնորդության մասով դատարանը որոշեց սպասել մինչև հաջորդ դատական նիստը՝ քանի որ նախորդ նիստերի ժամանակ ՇՄ առաջին ատյանի դատարանը դիմել էր ՌԴ վերջինիս գտնվելու վայրը պարզելու նպատակով: Նիկիշինի գտնվելու հասցեն ճշգրտելուց հետո նոր որոշում կկայացվի միջորդության վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-­ին: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12­-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00­-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող­ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ­թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102­-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104­րդ հոդվածի 2-­րդ մասի 1-­ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-­րդ հոդվածի 2­-րդ մասի 1­ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-­ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան




Լրահոս