Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ:
Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 9.6 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Տիկին Զարգարյանի պարզաբանմամբ, քանի որ 7 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ յոթ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 76.8 և 71.5 տոկոսով:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6% ով կամ 99 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6% ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի և եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով:
Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետն այս անգամ նույնպես հավաստեց, որ պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի, պետական մարմինների կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով կատարված են: ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1% ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Նշված ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 515.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.5%-ով կամ 35.9 մլրդ դրամով:
Գ. Զարգարյանը տեղեկացրեց, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին