ՀԱՊԿ ակադեմիային շենք է տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, որի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չէ, լուծարվել է. շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է “Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա” հիմադրամին:
Մեկ այլ որոշմամբ 10 տարով երկարաձգվել է Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին հատկացված տարածքի օգտագործման պայմանագրի ժամկետը: Նախկինում անբարվոք վիճակում գտնվող տարածքն ուկրաինական կողմի հատկացրած միջոցներով բարեկարգվել է, նորոգվել են շենքի տանիքը, ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը, մասնաճյուղը կահավորվել է ժամանակակից գույքով: 2004-2012 թթ. կրթօջախը տվել է 910 շրջանավարտ, որից 83-ը` անվճար հիմունքով:
Կառավարությունը որոշել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանից հետ վերցնել Դիլիջանի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող շենք-շինությունները և 50 տարի ժամկետով ամիսը 270 հազար դրամով վարձակալության տրամադրել “Ֆորեստ պարկ” ՍՊԸ-ին, որը նշված շենք-շինություններն օգտագործելու է զբոսաշրջության զարգացման նպատակով` հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպելով նաև համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հանգիստը:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի “Լոգիստիկ կենտրոն” ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հողատարածքի վարձակալ “Մետէքսիմ” ՍՊԸ-ին` ակնկալելով, որ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման շնորհիվ կավելանան պետբյուջեի մուտքերը:
Կառավարությունը որոշել է “Վարդենիսի պետական քոլեջ” ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Վ. Համբարձումյան 5/1 հասցեում գտնվող տարածքը հետ վերցնել և օտարել մրցույթով` ավելացնելով ՏԻՄ բյուջեի մուտքերը և բարեկարգելով տարածքը:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի “Գանձաքար” կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվի Գանձաքարի համայնքին, որը մտադիր է շենքը նորոգել և օգտագործել որպես մշակութային օջախ:
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտին հասցնելու և ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար գործադիրը հատկացրել է մոտ 9 մլն դրամ: Մոտ 30 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաքի Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցի համար գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով:




Լրահոս