Այսօր Շուշիի ազատագրման օրն է. Ադրբեջանը կփորձի հարձակվել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմի զգոնությունը կրկին թուլացած կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինուժը ռազմական փայլուն օպերացիա իրականացրեց եւ ազատագրեց թշնամու տիրապետման տակ գտնվող հայկական բերդաքաղաքը՝ Շուշին: Այս տարի Արցախը եւ ողջ հայությունը մայիսի 8-ը նշում է նոր իրողության՝ փաստացի պատերազմական իրավիճակում: Ամեն տարի այդ օրն Ադրբեջանը սահմանին մշտապես ինչ-որ սադրանքներ է կազմակերպում: Ուստի լուրջ կասկածներ կան, որ այս տարի եւս թշնամին կփորձի տոնական օրն ինչ-որ կերպ փչացնել: Արդեն մի քանի օր է՝ ողջ միջազգային հանրությունը փորձում է հորդորներով թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Ինչպես կվարվի Ադրբեջանը, դժվար է ասել, բայց իրավիճակը, կարելի է ասել, թեստ է նաեւ միջազգային հանրության համար՝ հասկանալու, թե իրենց խոսքն ինչ արժեք ունի այդ երկրի իշխանությունների մոտ:

Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարության շուրթերից պարբերաբար հնչող հոխորտանքը տպավորություն է ստեղծում, որ այդ երկրի իշխանությունները որդեգրել են Արցախին եւ Հայաստանին ջլատելու մարտավարությունը: Ըստ այդմ, թշնամին փորձելու է հայկական երկու երկրներին մշտապես լարման մեջ պահելով՝ ջլատել պետական ռեսուրսները: Ադրբեջանը կփորձի հարձակվել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմի զգոնությունը կրկին անգամ թուլացած կլինի: Իսկ քանի դեռ ողջ հայության ուշադրությունը սեւեռված է Արցախի վրա, առավել հավանական է, որ Ադրբեջանը չի համարձակվի առաջիկայում հարձակվել՝ գիտակցելով, թե այդ քայլն իր համար ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ:




Լրահոս