
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի կողմից ապրիլի 20-ին ակտ է կազմվել: Ըստ որի՝ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելու համար Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանին նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Եւ Վահագնաձորի գյուղապետը 150 հազար դրամ տուգանքը պետք է վճարի պետական բյուջե անձնական միջոցներից` 15-օրյա ժամկետում:

Նա տեղի ունեցածի առնչությամբ ասաց. «Չեմ կարող ասել, թե դա ինչ հարց է, թող կոպիտ չհնչի, բայց դա մի աննորմալ հարց է, որը որ սարքած գործ է: Դրսից է սարքվել, բայց որ գործը եկել, հասել է մարզպետարան, իրենք էլ պարտավոր էին տուգանել»: Իսկ թե ով կամ ովքեր են իր` գյուղապետի գլխին գործ սարքել, Եղոյանը հրաժարվեց ասել: