Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար, մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.2 տոկոսով նվազել են շինարարության ծավալները: Ըստ այդմ, նվազել են նաեւ ցեմենտի եւ գաջի արտադրության ծավալները:
Այսպես՝ այս տարվա հունվար, մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 28.9 տոկոսով, իսկ գաջինը՝ 63.2 տոկոսով: Նվազել է նաեւ կրի արտադրության ծավալները՝ 25.6 տոկոսով: Նկատենք, որ զուգահեռաբար նվազել է նաեւ տուֆի (4.1 տոկոսով) արտադրության, գրանիտի (13 տոկոսով) արտադրության ծավալները: Իսկ ահա բազալտինը աճել է 13.4 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը 34.1 տոկոսով նվազել է:
Այսինքն՝ Հայաստանում այս տարվա հունվար, մարտ ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 3 մլրդ 819 մլն 900 հազար դրամի շինարարություն: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը 5.7 տոկոսով ավելացել է. այն կազմել է 397 մլն 700 հազար դրամ: Միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարությունը 4.1 անգամ է ավելացել: Ըստ ԱՎԾ-ի՝ միջազգային վարկերի միջոցներով շինարարությունը 12 մլրդ 178 մլն 400 հազար դրամի չափով է իրականցվել: Իսկ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարությունը 11.6 տոկոսով նվազել է. 1 մլրդ 310 մլն 300 հազար դրամ է կազմել: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարությունը այս տարվա հունվար, մարտ ամիսներին կազմել է 65 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ