Բազմաթիվ հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» սերիալում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ընդգրկված է մի կինոնախագծում, որը բավական ոգեւորել է իրեն: Մոսկվաբնակ հայ ռեժիսոր Բորիս Հայրապետյանը ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր Ալբեր Քամյուի «Կալիգուլա» պիեսի հիման վրա հեղինակել է մի կինոսցենար եւ նկարահանում է գեղարվեստական ֆիլմ. «Իհարկե, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, անկեղծ ասած` դերասանական կազմը չէր պատկերացնում` ինչ է արդյունքում ստացվելու, սակայն երբ տեսանք առաջին մասի տեսագրությունը, մեր ոգեւորությունը բազմապատկվեց: Ի դեպ, բոլորիս համար աշխատանքային պրոցեսը բավական բարդ էր»,-անկեղծացավ Ելենան:
Նկարահանումները մեկնարկել են 2015-ի աշնանը եւ կշարունակվեն առաջիկա ամիսներին: Օպերատորը Արտո Խաչատուրյանն է: Ելենան մարմնավորել է գլխավոր դերակատարուհուն` Ցեզոնիային, Կալիգուլայի դերում Արամ Կարախանյանն է, ում հետ դերասանուհին դեռ վաղ տարիքում խաղացել է միեւնույն թատրոնում: Ֆիլմում նկարահանվել են նաեւ սերբ կինոռեժիսոր, դերասան Էմիր Կուստուրիցան, դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Արա Սարգսյանը եւ այլք:
«Ոչ կոմերցիոն արտ հաուս ֆիլմեր Հայաստանում գրեթե չեն նկարահանվում, ուստի սա լավ հնարավորություն է արտիստներիս համար, հատկապես, որ ըստ իս, ֆիլմն ունի նաեւ գեղարվեստական արժեք: Ի դեպ, լսելով ֆիլմի անունը` ոմանք, հիշելով ավելի վաղ նկարահանված «Կալիգուլա եւ Մեսսալինա» ֆիլմը (1981թ., Իտալիա, Ֆրանսիա), պատկերացնում են, թե դրանում առկա են էրոտիկ տեսարաններ, բայց մեր ֆիլմը այդ կինոնկարի հետ բացարձակ կապ չունի»,-եզրափակեց Ելենան:
Աննա Բաբաջանյան