Տնտեսության ընթացիկ զարգացումները հուշում են, որ ՀՀ իշխանությունները շրջանառու միջոցներ ներգրավվելու նպատակով փորձում են Հայաստանում գործի գցել միջազգային «կեղտոտ փողերի լվացման» համակարգը:
Այն, որ Հայաստանի տնտեսության անկումը կանգնեցնելու համար լրջագույն ֆինանսական հոսքեր են անհրաժեշտ, այլեւս ակնհայտ իրողություն է, եւ անգամ ՀՀ իշխանություններն են այդ փաստն ընդունում: Հայաստանի պես երկրների պարագայում, երբ պետությունը էներգակիրների` նավթի կամ գազի պաշարներ չունի, ֆինանսական հոսքերի ներգրավման երկու ճանապարհ գոյություն ունի: Առաջին տարբերակը ազատ շուկայական հարաբերություններն են: Այսինքն՝ երկրի տնտեսությունը գրավիչ է լինում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար: Հայաստանի պարագայում այս տարբերակը չի կարող գործել, քանի որ ազատ շուկայական համակարգի խոչընդոտը հենց իշխանություններն են, նույն այն մարդիկ, որոնք կոչված են տնտեսությունը մենաշնորհների ճիրաններից ազատագրել: Այլ կերպ ասած՝ միամտություն է ակնկալել, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մյուսները, որոնց ընդհանուր կոչում ենք իշխանություններ, կորոշեն իրենք իրենց դեմ պայքարել:
Հայաստանի պես վերից վար կոռումպացված եւ էներգակիրների հանքեր չունեցող երկրներում ֆինանսական միջոցների ներգրավման ամենատարածված տարբերակը միջազգային կեղտոտ փողերի լվացմամբ զբաղվելն է: Այլ կերպ ասած՝ երբ պետությունը դառնում է մի խումբ մարդկանց սեփականություն, նրանք կարող են այն վերածել փողերի «լվացքատան»: Արդյունքում իրենք շեշտակի արագությամբ սկսում են հարստանալ, բայց որ ամենակարեւորն է, այս ճանապարհով ստացվող ֆինանսական հոսքերի՝ թեկուզ եւ փոքր մասը, այնուամենայնիվ, ներդրվում է տնտեսության մեջ: Արդյունքում աճում է ծառայությունների մատուցման ոլորտի եւ առեւտի շրջանառությունը, ինչի հաշվին մարդիկ կարողանում են գումար վաստակել եւ իրենց կենցաղի խնդիրները հոգալ: Կարծում ենք՝ հասկանալի է, որ ազատ տնտեսական հարաբերությունների եւ «կեղտոտ» փողերի լվացման համակարգերի մեկտեղումը բացառվում է: Ազատ տնտեսության համար անհրաժեշտ են օրինականության կողմնակից եւ կոռուպցիայից զերծ կամ առնվազն իրական հակակոռուպցիոն պայքար ծավալող իշխանություններ: Մինչդեռ «փողերի լվացումը» ենթադրում է հանցագործ իշխանավորներ:
Եվ բավական է «լվացքատունը» փակվի, դրա հաշվին ապրող երկրի տնտեսությունը սկսում է փլուզվել: Հայաստանն այս ճանապարհով մեկ անգամ արդեն անցել է. 2001 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իշխանությունները սկսեցին զավթել Երեւանի կենտրոնը: Արդյունքում հազարավոր մարդիկ իրենց տներից դուրս շպրտվեցին եւ զրկվեցին իրենց սեփականությունից: Տեղում սկսվեց, այսպես կոչված, էլիտար շինարարությունը` ներկայիս Հյուսիսային պողոտան իր շրջակայքով: Տարբեր գնահատականների համաձայն՝ քոչարյանական այդ «լվացքատնով» անցել է առնվազն 20 միլիարդ դոլար: 2007-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Հայաստանը հայտնվել է փողերի լվացման դեմ պայքարող միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում մի քանի կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, մասնավորապես, փողերի «լվացման» մեջ կասկածվող մի շարք բանկերի սեփականատերեր փոխվեցին: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները ստիպված էին «լվացքատունը» փակել:
Ի դեպ, հենց վերը բերված հանգամանքներով էր պայմանավորված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրահայտ սկանդալային հայտարարությունը Երեւանի կենտրոնի շինարարության` տնտեսական «փուչիկ» լինելու մասին: Հիշեցնենք, որ 2008-ի ապրիլին վարչապետ դառնալուց առաջ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԲ նախագահն էր: Այսինքն՝ նա բոլորից լավ գիտեր, թե այդ ինչ փողեր էին այդպես անդադար գալիս Հայաստան եւ ներդրվում շինարարության մեջ, եւ դրանց որ մասն իրականում մնաց մեր երկրում:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց ի վեր Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարի է՝ փորձում են վերականգնել հին «բիզնեսը»: Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ այդ գործն այդքան էլ հեշտ լուծելի չէ: Նախ փողերի լվացման դեմ պայքարը ողջ աշխարհում շատ է խստացվել, եւ մինչ այդ նպատակով ծրագիր է պատրաստվում, դեռ այն կյանքի չկոչված՝ «գործը» փակվում է: Ըստ լուրերի՝ մարզահամերգային համալիրը վաճառելու պատմությունը հենց նման մի ծրագիր է եղել: ՄՀՀ-ի վերապրոֆիլավորման եւ տարածաշրջանային համալիր ստեղծելու անվան տակ նախատեսված է եղել մինչեւ կես միլիարդ դոլար «լվանալ», սակայն ինչ-ինչ պատճառով դա գլուխ չի եկել, եւ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել համալիրի վաճառքի գործարքը չեղյալ ճանաչել: Հաջորդ հերթում «Դվին» հյուրանոցի վերակառուցման պատմությունն է:
ՀՀ կառավարության նիստում հրապարակված ներդրումային ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումը «կարժենա» մոտ 120 մլն դոլար: Ըստ մասնագետների՝ նման ծավալի հյուրանոցի կառուցման համար իրականում առավելագույնը մինչեւ 20 մլն դոլար է անհրաժեշտ: Հասկանալի է, չէ, որ «ներդրումային» ծրագիրը միշտ կարող է ընդլայնվել, եւ ՀՀ իշխանությունները հաստատ կհայտարարեն, որ ողջունում են նման «նախաձեռնությունը»: Այսինքն՝ եթե «գործը կպնի», ապա «Դվինը» վերակառուցելով՝ առաջ կգնան: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման ծրագրերով տնտեսությունը չի կարող զարգանալ, քանի որ, ինչպես նշեցինք, «լվացքատները» փակվելու հատկություն ունեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ