Տեւական ժամանակ հասկանալի պատճառներով չանդրադառնալով ամերիկյան քաղաքականությանը` այսօր հարկ է կրկին հայացք ձգել դեպի արեւմտյան կիսագունդ, որտեղ տեղի են ունենում կարեւորագույն իրադարձություններ: Աշխարհի ապագայի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ընտրությունը, անշուշտ, ԱՄՆ նախագահի ընտրությունն է: Թեեւ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները ամռանն են ներկայացնելու իրենց միասնական թեկնածուներին, սակայն հենց այս շաբաթ իրավիճակը վերջնականապես հստակեցվեց:
Դեմոկրատական կուսակցությունից պայքարը շարունակում է ընթանալ Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ: Փետրվարի 1-ից մինչ օրս նահանգային քվեարկություններ անցկացվել են ընդհանուր առմամբ 44 նահանգներում, որոնցից 25-ում հաղթանակն ուղեկցել է Քլինթոնին, իսկ 19-ում` Սանդերսին: Մինչեւ Ֆիլադելֆիայի հուլիսյան համաժողովը թեկնածուները պետք է հավաքեն նվազագույնը 2384 լիազորներ` առաջին փուլում կուսակցության միասնական թեկնածու հռչակվելու համար: Այս պահի դրությամբ Քլինթոնն արդեն ունի 2202, իսկ Սանդերսը 1455 լիազորներ: Սանդերսն ակնհայտորեն կորցրել է հնարավորությունը ոչ միայն թեկնածու դառնալու, այլեւ գոնե Քլինթոնի արձանագրած արդյունքին մոտենալու: Ապրիլի 26-ին 5 նահանգներից 4-ում Քլինթոնը վստահ հաղթանակներ տարավ` մայիսի 3-ին Ինդիանայում պարտվելով Ռոդ Այլենդում: Թեեւ Սանդերսը հաղթեց, բայց ընդհանուր հաշվարկում նա այլեւս շանս չունի եւ նրա` ընտրապայքարի մեջ մեկ օր ավել մնալը միայն ու միայն վնասում է դեմոկրատներին: Տարբեր վերլուծաբաններ հակված են կարծելու, որ Սանդերսի նահանջը օրերի խնդիր է` հաշվի առնելով Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցած, բառի իսկական իմաստով, հեղափոխական իրադարձությունները:
Հանրապետական կուսակցությունում մրցավազքի ամենալուրջ կետը կարելի է համարել ապրիլի 26-ին 5 նահանգներում կայացած քվեարկությունը: Գործարար Թրամփի հաղթարշավը կանգնեցնելու միտումով կուսակցության բոսերի աջակցությունը վայելող Թեքսասի սենատոր Քրուզն ու Օհայոյի նահանգապետ Քեյսիքը պայմանավորվածության էին հանգել, որ փոխադարձաբար պաշտպանելու էին միմյանց այն նահագներում, որտեղ երկուսից մեկը հաղթելու առավել մեծ շանսեր ուներ: Եվ, ահա, ապրիլի 26-ի երեկոյան պարզվեց, որ ո՛չ Քրուզը, ո՛չ էլ Քեյսիքը 5 նահանգներից որեւէ մեկում հաղթանակ տանել չկարողացան: Թրամփը միանգամից տիրացավ 111 լիազորներին եւ երկու հակառակորդներին թողեց լոկ 7 լիազոր: Սա կարելի է համարել Թրամփի ամենահուժկու հաղթանակը` նույնիսկ մինչ այդ ունեցած կրկին տպավորիչ արդյունքների համեմատ: Գործարար Թրամփի հետ կուսակցական բոսերի դիմակայության վերջնակետը դարձավ մայիսի 3-ի Ինդիանայի քվեարկությունը: Ամբողջ ռեսուրսները ներդրվեցին 6-րդ անընդմեջ հաղթանակից Թրամփին զրկելու համար: Գործարարն այստեղ արդեն ստիպեց սենատոր Քրուզին դադարեցնել ընտրապայքարը: Թեդ Քրուզը, որը համարվում էր Թրամփին կանգնեցնելու ունակ վերջին դերակատարը, չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրը:
Այդ մասին նա հայտարարեց հենց Ինդիանայի քվեարկության երեկոյան` պարզաբանելով, որ այլեւս առաջ շարժվելու նվազագույն իսկ հնարավորություն չի տեսնում: Քրուզի պարտությունն ու խաղից դուրս գալու որոշումը փաստեց, որ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն լինելու է Դոնալդ Թրամփը: Օհայոյի նահանգապետ Քեյսիքն էլ հաջորդ օրը գիտակցեց առաջ շարժվելու անհնարինությունը: Մայիսի 4-ի երեկոյան նա հայտարարեց, որ լքում է ընտրարշավը եւ եկել է պահը միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու: Նույնօրինակ մի հայտարարություն էլ արեց Հանրապետական Ազգային հանձնաժողովի նախագահ Ռեյնս Փրայբուսը: Սակայն հանրապետական բոսերը կարծես հակված չեն թիկունք կանգնելու Թրամփին: Հանրապետական երեւելիներից Միթ Ռոմնին, Ջոն ՄաքՔեյնը, Ջեբ Բուշը արդեն իսկ հայտարարել են Թրամփին միասնական թեկնածու առաջադրող համաժողովին չմասնակցելու մասին: Նախկին նախագահներ Ջորջ Բուշ Ավագն ու Կրտսերը եւս չեն մասնակցելու կուսակցության կարեւորագույն իրադարձությանը: Ենթադրում ենք, որ Թրամփի թեկնածության շուրջ հանրապետականների ճամբարում ամեն ինչ դեռ չի խաղաղվել, եւ առաջիկայում էլի փոթորիկներ են սպասվում:
2016թ. նախագահական ընտրարշավն ապացուցեց, որ ո՛չ կուսակցական բոսերը, ո՛չ էլ ծախսված հարյուր միլիոնավոր դոլլարներն ԱՄՆ-ում չեն կարող նախագահ ընտրել: Լիովին օրինաչափորեն մեծ ազդեցություն ունենալով` Հիլարի Քլինթոնն առաջիկայում վերջնականապես կազատվի իր մրցակից Սանդերսից ու կկենտրոնանա Թրամփի քննադատության ուղղությամբ: Իսկ վերջինս էլ փայլուն հաջողությունների հասավ: Այն վերլուծաբանները, որոնք պնդում էին, թե Թրամփը թիթեռի կյանք ունի քաղաքականության մեջ, հիմնովին սխալ դուրս եկան: Մինչեւ մարտ ամիսը որեւէ մեկը չէր հավատում, որ Թրամփը կարողանալու է հաղթահարել կուսակցական բոսերի սահմանած արգելքները: Շարքային ամերիկացիների աջակցությունը, սակայն, ապացուցեց, որ քաղաքական վերնախավն ամենազոր չէ: Հանրապետական կուսակցության «պահապան խորհրդի» ոչ մի ծրագիր իրականություն չդարձավ: Ամենացանկալի թեկնածու Ջեբ Բուշը երկու ամսում 1-ին տեղից հասավ 4-րդ հորիզոնականին, Մարկո Ռուբիոն այդպես էլ հասուն պետական գործչի որակներ ցույց չտվեց, իսկ Քրուզին Թրամփի տված «ստախոս» ու «անվստահելի» որակումներն այդպես էլ չմոռացվեցին հասարակության կողմից: Թրամփն իսկական ժողովրդական հեղափոխություն արեց` ապացուցելով, որ ժողովրդի ընտրությունն ու աջակցությունը պատվար է ամեն տեսակ խարդավանքներից:
Հայաստանի կառավարող վերնախավի համար սա հերթական դասն է, որ ժողովրդի աջակցությունն ունակ է անելու անհավատալին, ընդհուպ մինչեւ Թրամփի պես հակասական կերպարին ԱՄՆ-ի հիմնարար կուսակցություններից մեկի միասնական թեկնածու դարձնելը: Ցավոք, այս ճակատագրական օրերին մեր կառավարող վերնախավը վերափոխվելու ազդակներ չի հաղորդում, մինչդեռ բոլոր կայացած ժողովուրդներն ամբարտավաններին իրենց տեղը ցույց տալու սովորություն կարծես դեռ ունեն:
Ն. Հովսեփյան