Փոքր բեմի արտիստները պետք է շփում ունենան նույնիսկ կիսախմած հանդիսատեսի հետ. Արմեն Վարդանյանը` նոր փաբի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը եւ դերասան Անդրանիկ Հարությունյանը համատեղ բիզնես են հիմնել` փաբի տեսքով, որտեղ, ինչպես իրենք են նշում, մեկտեղված են բիզնեսն ու արվեստը:

Արմենը «Ժողովուրդ»ի հետ զրույցում նկատեց, որ եթե ակումբային կյանքը ճիշտ կազմակերպվի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, այնտեղի բեմը կարող է ծառայեցվել էստրադան պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն: «Ակումբներից կարող են բավական պատրաստված արտիստներ դուրս գալ, ուստի մենք, բացի բիզնես նպատակ հետապնդելուց, հաշվի ենք առնում նաեւ այս հանգամանքը:

Կարծում եմ, որ եթե, օրինակ, մեր երկրի հումորային նախագծերը թերություններ ունեն, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չունենք «ակումբային գլադիատորներ»: Արտիստները դեռեւս անփորձ ժամանակվանից պետք է կենդանի շփում ունենան մարդկանց հետ, շփվեն նույնիսկ կիսախմած հանդիսատեսի հետ, փորձեն բավարարել նրան, չէ՞ որ փոքր բեմի կանոններն ավելի դաժան են:

1

Դրանից հետո այդ արտիստները ավելի պատրաստված կգնան մեծ բեմեր: Թե չէ այսօր տեղի է ունենում հակառակը. անփորձ դերասանները սերիալներից դեպի բեմ են գնում. ախր, դրանք տարբեր ինստիտուցիոնալ համակարգեր են: Իսկ այս տիպի ակումբներում տարբեր ժանրերի արտիստներ կարող են կայանալ, իսկ արդեն կայացածները` «չծերանալ»»,- մեկնաբանեց նա:

Արմենը տեղեկացրեց, որ իրենց ակումբում արդեն հասցրել է սթենդ-ափ շոուով ներկայանալ դերասան Հովհաննես Դավթյանը, իսկ առաջիկայում ծրագրվում է այնտեղ անցկացնել շոու` գեյմ ֆորմատով. «Դա արդեն հումորային ծրագիր չի լինի, այլ, այսպես ասած, «12 աթոռ» շոու, որի ընթացքում մրցութային փուլերը հաղթահարելուց հետո մասնակիցը, դանակով ճղելով աթոռը, այնտեղից կարող է մրցանակ հանել, ավելի կոնկրետ` ոսկի: Իսկ մասնակիցները, բնականաբար, կլինեն փաբի այցելուները: Առայժմ չեմ ասի, թե որ արտիստների հետ ենք համագործակցելու, բայց այս շոուի ընթացքում բեմում կլինեմ նաեւ ես»,- ասաց նա:

2

Արմենի խոսքով` արդեն աշնանը իրենք կներկայան նոր ակումբային երաժշտական շոու-ծրագրով, որը կկոչվի «Դեպուտատի շոու»: Այն, հնարավոր է, հետագայում բարձրանա մեծ բեմ:

3

Տարբեր շոուների ընթացքում որպես հաղորդավարներ հանդես են գալիս հենց Արմենն ու Անդրանիկը: Մեր այն հարցին, թե արդյոք Արմենի` երկար տարիների գործընկեր Արտյոմ Մարկոսյանը եւս կընդգրկվի փաբի շոու-ծրագրերում, հումորիստը պատասխանեց. «Հնարավոր է, բայց առայժմ նման խոսակցություն չկա: Միգուցե մեզ տեսնեք մեկ ուրիշ նախագծի շրջանակում, ոչինչ բացառված չէ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս