«Ժողովուրդ»-ը սկսում է հայտնիների հետ բլից-հարցազրույցների շարք, որի շրջանակում կբացահայտի նրանց անցած ճանապարհը, բնութագրական որակները, բնավորության` քչերին հայտնի գծերն ու, ով գիտե, գուցե նաեւ` գաղտնիքները:
Այսպիսով` մեր առաջին զրուցակիցը «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Սքոչ ընդ վիսկի» ֆիլմերից, «Ի զեն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» եւ այլ ներկայացումներից հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է:
-Լուիզա՛, ինքներդ Ձեզ սկսում եք հիշել…
-Երկու տարեկանից: Այդ ժամանակահատվածից արդեն իսկ իմ մասնակցությամբ ինչ-որ դրվագներ մտաբերում եմ, բայց հստակ կերպով ինձ հիշում եմ երեք տարեկանից:
-Մանկության ամենավառ դրվագներն ինչի՞ հետ են կապված:
-Երջանկության, անհոգության, իսկ եթե ավելի առարկայական` վերմիշելի (ծիծաղում է): Երբ մանկապարտեզում դաստիարակներս ինձ վերմիշել էին մատուցում, ես երկրորդ բաժինն էի ուզում, եւ եթե պատասխանում էին, որ վերջացել է, չէի հավատում, գնում էի խոհանոց եւ թասերի կափարիչները բարձրացնելով` ստուգում էի, համոզվում էի, որ հաստատ չկար, հետո նոր հանգիստ նստում էի տեղս (ծիծաղում է):
-Մինչեւ օրս չեք համակերպվում…
-Անարդարության հետ, ընդ որում, ոչ միայն մեր ոլորտի: Չեմ համակերպվում նաեւ անհետեւողական, ստի հետ: Դա նշանակում է, որ դիմացինս հիմար է, իսկ ես մարդու այդ տեսակը չեմ սիրում:
-Մարդկային ամենայուրահատուկ որակը ո՞րն է:
-Էքսցենտրիկությունը:
-Կնոջ ինքնատիպ լինելու գաղտնի՞քը:
-Չմոռանալը, որ ինքը կին է: Կյանքի բերումով մենք միշտ չէ, որ ստանձնում ենք գործեր, որոնք համապատասխանում են միայն կանանց, բայց նման պարագաներում էլ ցանկացած հարցի պետք է նայել ոչ թե մարդու, այլ կնոջ տեսանկյունից, օրինակ` լինել ոչ թե քաղաքացի, այլ կին քաղաքացի: Չպետք է անտեսել կանացի սկիզբը:
-Ամաչում եք…
-Վախկոտությունից, թերահավատությունից:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է:
-Եթե ոչ դերասանուհի, ապա…
-Ես ինձ ամեն բնագավառում էլ պատկերացնում եմ, եւ ինչ գործ էլ որ անելու լինեմ, կանեմ դա շատ լավ, երբեք չեմ ծուլանա, կսկեմ խորապես ուսումնասիրել աշխատանքիս նրբությունները: Մեր հասարակության խնդիրներից մեկն էլ այն է, որ ամեն մեկը մտածում է, թե ինքն իր տեղում չէ եւ սկսում է մատների արանքով նայել իր մասնագիտությանը: Եթե կարողանանք այս երեւույթն արմատապես վերացնել, յուրաքանչյուրս մեզ ռեալիզացված եւ երջանիկ կզգանք:
-Մի արտահայտություն, որ ամենաշատն եք անում:
-«Կգժվեմ»:
-Ձեր կյանքից տարիներ կտայիք, միայն թե…
-Չէ, չեմ տա տարիներ, որովհետեւ շատ եմ գնահատում ժամանակը, եւ, ընդհանրապես, կյանքը, ուստի չեմ կարող ինչ-որ բանից կառչել ու մտածել, որ այդ պահն արժանի է իմ` տարիներ կորցնելուն:
-Մարդ կամ մարդիկ, որոնք մեծապես ազդել են Ձեր ողջ կյանքի վրա:
-Դրանք իմ ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ են` կլինեն բարի, թե ոչ այնքան: Նրանք ստիպել են ինձ քայլ կատարել: Ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել նաեւ ֆիլմերը, որոնք ես դիտել եմ, կենսագրությունները, որոնք կարդացել եմ, օրինակ` Կոկո Շանելինը: Ծանոթացել եմ այնպիսի կանանց պատմությունների, որոնք իրենց բնագավառում կարողացել են փոխել ինչ-որ բան. ուղղակի գործել են:
-Եվ վերջին հարցը` կյանքն ավարտվում է, երբ…
-Երբ որոշում ես, որ այն ավարտված է…
Աննա Բաբաջանյան