
Արաբական Միացյալ Էմիրության թեմ կատարած հովվապետական այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետը մայիսի 6-ին Աբու Դաբիի Սրբոց նահատակաց եկեղեցու համալիրում կատարել է «Արա Խանոյան» ազգային վարժարանի և «Սուրեն Գոճաքյան» սրահի բացումը: Ինչպես տեղեկացնում են Կիլիկիայի կաթողիկոսարանի հաղորդակցման և տեղեկատվության բաժնից, հանդիսությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և այլք:
Միջոցառումը մեկնարկել է մասնակիցների բացման խոսքերով: Իր խոսքում նորին սրբությունը գնահատել է Արա Խանոյանին, որի բարերարությամբ կառուցված էր Աբու Դաբիի ազգային վարժարանը և Սուրեն Գոճաքյանին, որը ստանձնել էր վարժարանի սրահի ստեղծման բարերարությունը:
«ԱՄԷ թեմը ծաղման գործընթացի մեջ է: Դուք` ձեր նվիրյալ ծառայությամբ և ներդրումով, անցնող մի քանի տարում կառուցեցիք եկեղեցի և ազգային առաջնորդարան, և մեզ համար ուրախություն է, որ կատարում ենք նոր վարժարանի բացումը, որը համայնքի հայ մանուկների և պատանիների հայեցի դաստիարակության կենտրոն պետք է դառնա»,- ասել է վեհափառ հայրապետը: