Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին: ArmLur.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկանում է, որ Լիբանանի վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք մաղթելով վերջինիս՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Մկրտչյանն, ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը և արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, կարևորել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը:
Այս համատեքստում քննարկվել են առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայլիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները: Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը: Լիբանանյան կողմին պարզաբանվել են Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Զրուցակիցները բարձր են գնահատել լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Դեսպան Մկրտչյանը վարչապետ Սալամին տեղեկացրել է Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ այս տարի Լիբանանում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ազզի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախարար Ազզիի մասնակցությանը ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 2-րդ գլոբան ֆորումին» և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներին: Քննարկվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և համապատասխան շուկաները երկու երկրների աշխատուժի համար հասանելի դարձնելու հեռանկարները: