
Երեկ «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում իրենց հիվանդ հարազատներին տեսակցելու համար ստիպված են 1000 դրամ վճարել: «Շատ ժամանակ մեր հարազատներին չենք թողնում, որ գան, անհարմար ենք զգում: Հակառակի պես իրենց աշխատանքային ժամերն էլ հենց այդ ժամերին են ավարտվում»,-դժգոհեց քաղաքացի 47-ամյա Էլմիրա Ստեփանյանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի հետ, որն էլ ասաց. «Թող քաղաքացին բարի լինի եւ մինչեւ ժամը ութը գա, որովհետեւ գիշերը նրա համար ոչ ոք չի մաքրելու հիվանդանոցը: Դրա համար էլ քաղաքացին թող բարի լինի եւ կարգուկանոն պահպանի: Իսկ նրանք, ովքեր ուզում են իրենց քմահաճույքով շարժվել, դրա համար պետք է վճարեն»: