Այս պահին ԼՂ խնդրով հանդիպումները կարող են ուղղված լինել Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ԼՂ խնդրով հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

որ դաշնակցականների պատվիրակությունը գլխավորել է Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանը. Նրանք Երեւան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ:

Նախարար Նալբանդյանը Հայ Դատի հանձնախմբերի անդամներին հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, դրանց հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը, պատասխանեց Հայ Դատի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասաց. «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։

Անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, Հայրենիքի տնտեսական զարգացման աջակցության, համահայկական օրակարգի այլ հարցերի։ Խորհրդակցությանը քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական գործունեության շուրջ։ Անդրադարձ արվեց Մերձավոր Արեւելքում իրավիճակի, սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, հրատապ միջազգային եւ տարածաշրջանային այլ խնդիրներին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ձեւաչափով հանդիպումներին պարբերականություն հաղորդելու մասին։




Լրահոս