Արցախը հերթական աջակցությունն է ստացել Ռուսաստանի հայ համայնքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Ամուրսկի մարզի հայկական համայնքից և Կրասնոդար քաղաքում բնակվող, արմատներով Ճարտար քաղաքից, բարերար Համլետ Համբարձումյանի ընտանիքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի 3 շտապօգնության և 2 մարդատար, 2 «Նիվա» և «ԳԱԶԵԼ» մակնիշի 1 շտապօգնության մեքենա:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ընդունելով ռուսաստանաբնակ հայերի պատվիրակությանը, Արցախի ողջ ժողովրդի, կառավարության և իր անունից շնորհակալություն է հայտնել նրանց` այս դժվարին օրերին հայրենակիցների հետ լինելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու համար:

Ամուրսկի մարզի հայերի միության ղեկավար Արթուր Ղազարյանն ասել է, որ հայկական համայնքը հայրենիքի կողքին է և պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ Արցախի շենացման ու զարգացման գործին: Նա նշել է, որ 200-ից ավել կամավորականներ ցանկություն են հայտնել գալ Արցախ ու համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը: Ամուրսկի մարզի հայերի միության ղեկավարի հավաստմամբ` իրենց համայնքի ու հայրենիքի կապը մշտապես շարունակական է լինելու:

Իսկ բարերար Համլետ Համբարձումյանն, ով նվիրատվության ընդհանուր գործում ձեռք է բերել 1 շտապօգնության մեքենա, իր խոսքում նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց է տվել, որ չնայած հայերը ցրված են աշխարհի տարբեր ծայրերում, բայց երբ հայրենիքին վտանգ է սպառնում կարողանում են արագ համախմբվել: «Բոլորիս խոնարհումն այն հայորդիներին, ովքեր արյան գնով պաշտպանեցին հող հայրենին»,- ասել է բարերարը:




Լրահոս