Աթլետիկայի համաշխարհային օրը մրցաշարով նշվեց Արտաշատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աթլետիկայի համաշխարհային օրվան նվիրված հանրապետական միջոցառմանը Արտաշատում մայիսի 7­-ին տպավորիչ եւ շատ բարձր արդյունքներով հանդես եկան Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սաներ Չիլոյան Գայանեն (100 մ վազք) եւ Շտոյան Ռաֆայելը (հեռացատկ): Երկու օր տեւող մրցումներում մասնակցում են ավելի քան 300 մասնակիցներ Երեւանի, Արտաշատի,Վանաձորի, Կապանի, Մասիսի, Գյումրիի, Արցախի մարզադպրոցներից:

Այսօր` մայիսի 7-­ին իրենց ուժերը փորձեցին 16-­17 տարեկան աթլետները, իսկ վաղը` մայիսի 8-­ին հանդես կգան 13-­15 տարեկանները: Մարզիկները կմրցեն 15 մարզաձեւերում` գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, բարձրացատկ, վազք 50մ, 100մ, 800մ եւ 1500մ: «Արմենպրես»­-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ ավելի քան 20 տարի է աթլետիկայի համաշխարհային օրն ամեն տարի մեծ մրցաշարով նշում են Արտաշատում: Նրա խոսքով, այս տարվա մրցաշարը նախորդ տարիներից տարբերվում է իր մասսայականությամբ եւ մարզիկների պայքարի հետաքրքիր դրսեւորմամբ:

Աթլետիկայի բազմավաստակ մարզիչը մեծ հիացմունքով ընդգծեց, որ մատաղ սերնդի հետաքրքրությունը տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում աթլետիկա մարզաձեւի հանդեպ եւ ասիճանաբար աթլետիկայի մրցումներին ու հուշամրցաշարերին մասնակիցներն ավելի մեծ թիվ են կազմում:

Արտաշատից մրցաշարին մասնակցում են 14 աթլետներ: Այսօր արդեն իսկ մրցաշարի չեմպիոն են դարձել եւ իրենց տարիքային խմբում առաջին հորիզոնականը գրավել Արման Կուրղինյանը /200 մ վազք/ եւ Սաթենիկ Արամյանը / սկավառակի նետում/: Արտաշատցիները նվաճել են նաեւ երեք երկրորդ հարիզոնական եւ երկու երրորդ հորիզոնական: Միջոցառմանը ներկա են հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած վաստակավոր աթլետներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւում են ավելի քան 30 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Մրցաշարը կշարունակվի նաեւ վաղը, որից հետո կամփոփվեն արդյունքները:




Լրահոս