Մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած սպանությունից. կասկածյալը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-­ից 2016 թվականի մայիսի 7-­ին՝ ժամը 09.30­-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Չարենցավան քաղաքի 5-­րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի 3-­րդ հարկում ընկած տղամարդ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական­ օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում՝ բնակելի շենքի երրորդ հարկի աստիճանահարթակում, մեջքի վրա ընկած, հայտնաբերվել է 1958թ. ծնված Սամվել Հարությունյանի դիակը՝ բռնության հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-­րդ հոդվածի 1­-ին մասով: Որոշում է կայացվել՝ Սամվել Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու սպանության հանգամանքները, շարժառիթը։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 6-­ին՝ ժամը 18.00-­ի սահմաններում, Սամվել Հարությունյանն այցելել է նշված շենքում բնակվող իր ծանոթին, որտեղ վերջինիս և նրան հյուր եկած Ա.Խաչատրյանի հետ օգտագործել են ոգելից խմիչք: Կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ա.Խաչատրյանը ձեռքերով և ոտքերով հարվածել է Սամվել Հարությունյանին:

Ժամը 23.00­-ի սահմաններում Սամվել Հարությունյանին դուրս է հանել բնակարանից և թողել չորրորդ հարկի աստիճանահարթակում։ 2016 թվականիմայիսի 7-­ին՝ ժամը 08.00-­ի սահմաններում, տանտերը և հյուրընկալված Ա.Խաչատրյանը հեռացել են, որի ընթացքում երրորդ հարկի աստիճանահարթակում նկատել են Սամվել Հարությունյանին՝ գետնին անշարժ պառկած, ու հեռացել: Ա.Խաչատրյանը ձերբակալվել է, հայտնաբերվել և հարցաքննվել է նաև տանտերը։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս