«ԱՌԱՋԻՆ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ԵՍ ԵՄ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը բացարձակապես գոհ չէ նախաքննության ընթացքից եւ այդ իսկ պատճառով նամակ է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Թեեւ Է. Բուդաղյանը նամակը գրել է հավատով, բայց չի կարող ասել՝ ում կպաշտպանի Ս. Սարգսյանը` իր հրամանատար որդուն, թե ՀՀԿ-ականին:
Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Սույն գործով ձերբակալվել են Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ որդին` Տիգրան Խաչատրյանը: Բացի այդ, մեղադրանք էր առաջադրվել նաեւ մյուս կողմին` Ա. Բուդաղյանին: Այս գործի նախաքննության ընթացքի մասին զրուցեցինք Էմիլ Բուդաղյանի հետ:
-Պարո՛ն Բուդաղյան, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ձեր որդու մասին, ասել էր, թե որեւէ մեկը չի կարող ազատվել պատասխանատվությունից: «Արտակ Բուդաղյանը կրելու է այդ պատասխանատվությունը եւ այն կրելու է պատվով»,-ընդգծել էր նա: Այս խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարը չպաշտպանեց Ձեր որդուն:
 -Սխալ ենթատեքստ մի՛ գտեք այս ամենի մեջ: ԼՂՀ ՊԲ հրամանատարը նման բան չի ասել, նա ասել էր, թե լավ հրամանատար ունենք, եւ ոչ մի մարդ պատասխանատվությունից չի զրկվում, եթե նա սխալ է թույլ տվել: Բայց Արտակը սխալ թույլ չի տվել: Մ. Հակոբյանը դա հարաբերականորեն է ասել: Նա չի ասել, թե Արտակը սխալ է թույլ տվել: Ես այստեղ բացարձակապես չպաշտպանելու բան չեմ տեսնում:
-Բայց սա Ձեր դեմ ուղղված միակ հայտարարությունը չէր: ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Ձեր որդին՝ Արտակ Բուդաղյանը, առողջության վատթարացման պատճառով հրաժարվել է գնալ, ցուցմունք տալ եւ առերես հարցաքննվել քրեական գործով այլ տուժողի ու վկաների հետ: Ձեր որդին վախենո՞ւմ է առերեսման գնալուց:
-Նման բան չի եղել: Զինդատախազությունն ուղղորդված գործողություններ է կատարում: Իմ ներկայությամբ է իմ որդին ցուցմունք տվել, եւ այս ամենից պարզ է, որ նրանք ուզում են ուղղորդված քայլեր կատարել, եւ դա մենք թույլ չենք տալիս: Ո՞նց թե նա ցուցմունք չի տվել, ախր քննությունն իմ ներկայությամբ է եղել: 5 հոգու բերել են առերեսման առանց մեր պաշտպանի ներկայության: Իմ տղան ցանկացել է գնալ առերեսման, բայց մեր պաշտպանը չի ցանկացել` ասելով, որ ինքը պետք է իմանա, թե ինչ առերեսում է, նոր թույլատրի: Հետո որդուս ջերմությունը բարձրացել է, եւ նրան ուղարկել են հոսպիտալ: Այնտեղ ստուգել եւ ասել են, թե ջերմությունը նյարդային հողի վրա է բարձրացել, եւ պետք է հանգստանա:
-Այսինքն՝ ստացվում է, որ զինդատախազությունը աշխատում է ձեր դե՞մ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա պայմանավորված է Ս. Խաչատրյանի գործոնով:
-Այո՛, բա էլ ո՞ւմ: Ու այս իրավիճակի հետ կապված՝ Ս. Սարգսյանին այսօր (երեկ-Ք. Մ.) նամակ եմ ներկայացրել:
-Ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանը չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, որ նրան նամակ եք գրել:
-Ես վստահ եմ, որ նախագահը ճիշտ կողմնորոշում կանի, եւ այս ամենը ճիշտ ընթացք կստանա: Ս. Սարգսյանը պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանի:
-Իսկ ըստ Ձեզ՝ կպաշտպանի՞ Բուդաղյանին:
-Դա հարցրե՛ք նախագահից, այլ ոչ թե ինձանից:
-Ս. Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է եղել 8 տարի եւ ՀՀԿ խորհրդի անդամ է, իսկ Ս. Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է: Ի՞նչ եք կարծում, նա իր հանրապետական ընկերոջը կթողնի եւ ՀՀ քաղաքացո՞ւն կօգնի:
-Վազգեն Սարգսյանի ժամանակ առաջին հանրապետականներից մեկն էլ ես եմ եղել:
-Միգուցե Դուք Վազգեն Սարգսյանի ժամանակ եք ՀՀԿ անդամ եղել, բայց հիմա իրավիճակը միանգամայն այլ է: Չե՞ք վախենում, որ նա այս պատմությունից «չոր» դուրս կգա:
-Ս. Խաչատրյանն իր հանցագործ երեւույթներով, իր արհեստական բնավորությամբ ամեն ձեւի առաջ է գնացել: Ես ոչ մեկից չեմ վախենում:
-Փաստորեն, մոտ 3 ամիս առաջ տեղի ունեցած այս միջադեպի նախաքննությունից գոհ չեք ու նամակով եք փորձում փրկել իրավիճակը:
-Բացարձակապես գոհ չեմ: Ախր այնքան հարցեր կան… Ինչպե՞ս գոհ լինեմ: Ո՞նց կարող է պատահել, որ ինքնաշեն զենքն օրինականացվի, եթե նման բան են անում, ապա դա նշանակում է, որ հանցագործություն են կատարում: Նման բաներ են ի հայտ եկել:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք՝ Ս. Խաչատրյանի որդուն ազատ արձակեն, փոխարենը Ձեր տղային կալանավորեն:
-Չեմ հավատում, որ նման բան կլինի: Մարդասպանին ազատեն, հրամանատարին բռնե՞ն: Դա նույնն է, որ ասեն՝ մածունը սեւ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս