Այն, որ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի գլխավոր առավելությունն ու արժանիքը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը լինելն է, վաղուց է բոլորին հայտնի: Ու հենց այս արժանիքն էլ նրան տարավ ու դարձրեց Ազգային ժողովի պատգամավոր: Մարդիկ ո՛չ տեսան Ռ. Սարգսյանին, ո՛չ լսեցին. նա, փողոցներում «պլակատ փակցնելով», պատգամավորի մանդատ ստացավ:
Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ Ռ. Սարգսյանը հրաժարվում էր իր բուկլետներում նշել ծննդավայրը՝ մտածելով, որ ղարաբաղցի լինելը կարող է վատ ազդեցություն ունենալ, եւ մարդիկ չընտրեն: Բայց հետո, երեւի զգալով Տարոնի որոշիչ ներկայությունն իր կողքին, մտածեց, որ Ղարաբաղի Ճարտար գյուղում ծնված լինելու հանգամանքը ոչ մի խոչընդոտ էլ չի լինի՝ հատկապես, որ Հայաստանում վաղուց են վարժվել պաշտոնյաների կամ էլ պատգամավորների մեջ ղարաբաղցիների թվական գերադասությանը: Իհարկե, Ռ. Սարգսյանը ծնվել է Ճարտարում, բայց սովորել ու ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը եւ ստացել անասնաբույծ-ճարտարագետի որակավորում: 1994-1995թթ. ծառայել է բանակում ու շուրջ չորս տարի «անհետացել» ասպարեզից: Նրա կենսագրության մեջ ամբողջ հինգ տարի բացակայում է: Թե ինչով է զբաղվել, որտեղ է եղել, ոչինչ չկա նշված: Մեզ չհաջողվեց դա պարզել նաեւ նրա շրջապատից:
Բայց ահա 1999թ. աշխատանքի է անցել ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների արգելոցապարկային համալիրում որպես առաջատար մասնագետ: Անասնաբույծն ինչ գործ ուներ այստեղ՝ դժվար չէ կռահել. դե, Անդրանիկ Մարգարյան կար, որն այդ ժամանակ արդեն «Միասնություն» խմբակցության ղեկավարն էր: Այլ կերպ ասած՝ Ռ. Սարգսյանի աշխատանքային կենսագրությունը սկսվեց հենց այն ժամանակ, երբ խնամի Մարգարյանները սկսեցին տիրապետել իրավիճակին: Նրանց բարեկամության սկիզբը, թերեւս, այդպես է դրվել:
2001 թվականին էլ, երբ Ա. Մարգարյանն արդեն վարչապետ էր, Ռ. Սարգսյանն աշխատանքի անցավ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնում որպես առաջին կարգի մասնագետ, հետո արդեն դարձավ ենթաբաժնի պետ, իսկ դրանից հետո էլ՝ տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ: Պարզվեց, որ մեր երկրում անասնաբուժական-անասնաբուծական կրթությունը լայն «պրոֆիլ» է ապահովում, դարձնում տարբեր ոլորտների մասնագետ… Բայց երեւի այս «բազմապրոֆիլայնությունը» միայն նրանց համար է, ովքեր հզոր թիկունք ունեն եւ աջակցողներ: Հենց այդ հզոր թիկունքի շնորհիվ էլ 2005-2007թթ. Ռ. Սարգսյանը նշանակվեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատու: 2007-2011թթ. եղել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան», ապա՝ «Մարաշ» տարածքային ստորաբաժանումների ղեկավար, 2012թ.՝ «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ:
Պաշտոնական ընթացքն աստիճանաբար ձեւավորել է նաեւ Ռ. Սարգսյանի ունեցվածքը, որը բավական ծանրակշիռ ու զարմացնող է: Իհարկե, ինքն անձամբ է խոստովանել, որ Տ. Մարգարյանի հետ միասին գծատեր է, նաեւ փաստաթղթեր կան… Սակայն իր մյուս ունեցվածքներն ԱԺ պատգամավորը համեստորեն չի նշում՝ անգամ հրապարակավ հայտարարելով, թե ինքն այնպիսի դաստիարակություն է ստացել, որ ուրիշների ունեցվածքով էլ չի հետաքրքրվում, բայց հո բոլորը գիտեն, որ նա բավական ու զգալի ունեցվածքի տեր է, Ավանում ունի խանութներ, հասարակական տարածքներ, երկու բնակարան… Այս ամենը պաշտոնական կայքերում անհնար է գտնել, որովհետեւ նրա ունեցվածքի հայտարարագիրն այդպես էլ հրապարակված չէ: Իհարկե, վերջերս Ռ. Սարգսյանը հերքում էր, որ «Տարոն եւ Ռոբերտ» ՍՊԸ-ն պատկանում է իրեն եւ Տ. Մարգարյանին, սակայն ի վերջո չկարողացավ հերքել: Այդպես էլ երեւի չի հերքի, որ մեծ հարստություն ունի…
Թե ինչու է Ռ. Սարգսյանը եկել խորհրդարան եւ ինչ է անելու, խմբակցությունում դեռ չեն հասկանում: ՀՀԿ անդամ պատգամավորն ինքն էլ չգիտե հաստատ, քանի որ 122 անգամ կողմ է քվեարկել, ոչ մի դեմ քվեարկություն չունի, 14 անգամ բացակայել է ԱԺ նիստերից եւ 4 անգամ չի քվեարկել: Այսինքն՝ ընդամենը կոճակ սեղմող է եկել՝ չնայած խորհրդարան գալու հենց առաջին օրը հայտնվել էր ծիծաղելի վիճակում: «ՀԺ»-ն այդ առթիվ գրել էր. «Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն առաջին անգամ մասնակցում էր ԱԺ լիագումար նիստին եւ էթիկայի հանձնաժողովի հետ կապված բավական լարված քննարկման ժամանակ անսպասելիորեն հերթագրվեց՝ ելույթ ունենալու համար, ինչն առնվազն տարօրինակ էր: Ու երբ բոլորը լարված սպասում էին, թե էս ինչ է ասելու Ավանից թափով Ազգային ժողով իջած այս պատգամավորը, պարզվեց՝ աներձագ Ռոբերտ Սարգսյանը սխալմամբ է սեղմել հերթագրվելու կոճակը»: Այս մակարդակով էլ նա օրենքներ պիտի հեղինակի, որ մենք իրագործենք:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՝ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂ ԱՆԵՐՁԱԳԸ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ