ԿՐԿԻՆ ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ
Շաբաթ օրը կայացած Արթուր Աբրահամ-Վիլբեֆոս Շիհեպո 12-ռաունդյա մենամարտի վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչում: Հիշեցնենք, որ հաղթող ճանաչվեց Արթուր Աբրահամը` դառնալով աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Անգլիացի մեկնաբանները հենց մենամարտի ժամանակ արդեն յոթերորդ ռաունդում տեսակետ հայտնեցին, որ Աբրահամը նախկինը չէ, նա, կարելի է ասել, ծերացել է եւ դժվար թե մեծ հաջողությունների հասնի:
Ի դեպ, պատահական չէր նաեւ, որ գերմանացի մարզասերները, որոնք սովորաբար ծափահարում էին Աբրահամին, այս անգամ սուլում էին։ Բռնցքամարտիկը կատարվածի վերաբերյալ ասել է, թե մարզասերները ցանկանում էին տեսնել նոկաուտով հաղթանակ. «Բայց ամեն մրցակցի չէ, որ պետք է նոկաուտի ենթարկեմ: Շիհեպոն նվեր չէր, եւ նրա նկատմամբ առավելության հասնելը բավական բարդ էր: Երբ ես հաղթանակի եմ հասնում միավորներով, այլ ոչ նոկաուտով, դա դժգոհություն է առաջացնում երկրպագուների շրջանում»:
Արթուրը երեկ մարզիչների, ակումբի ներկայացուցիչների հետ մեկնելու էր Բուդապեշտ, որտեղ տեղի է ունենալու WBO-ի ժողովը: Հայ բռնցքամարտիկի մենեջերներն այդ ժողովի ընթացքում նրան ներկայացնելու են որպես աշխարհի չեմպիոնից հետո առաջին համարի հավակնորդ: Եթե WBO-ն կայացնի նման որոշում, ապա Արթուրն իրավունք կստանա Ռոբերտ Շտիգլիցի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անկախ այդ որոշումից՝ Աբրահամը պատրաստվում է ռեւանշի հրավիրել Շտիգլիցին, քանի որ, իր խոսքով, «բոլորն արդեն սպասում են դրան»:
ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՓՅՈՒՆԻԿ»-Ն Է
Հայաստանի 2013-2014թթ. առաջնության 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունեցավ միանձնյա առաջատար՝ ի դեմս «Փյունիկ»-ի: Այս թիմն ունի 7 միավոր: Փոխչեմպիոն «Միկա»-ն 5 միավորով 2-րդ տեղում է, նրան հաջորդում են միանգամից 4 թիմեր, որոնք վաստակել են 4-ական միավոր:
ԿՄՐՑԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2013-2014թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-ից 30-ն անցկացվելու է Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հավաքականները:
Արդեն հաստատվել է մրցաշարի խաղացանկը. 1-ին տուրում (հոկտեմբերի 24-ին) կկայանան Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար, 2-րդ տուրում (հոկտեմբերի 26-ին)՝ Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան, 3-րդ տուրում (հոկտեմբերի 29-ին)՝ Անգլիա-Իռլանդիա, Հայաստան-Ջիբրալթար հանդիպումները։
Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ բոլոր 13 խմբերում երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքն ունեցող թիմը: