ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը համայնքապատկան տարածքների հաշվին որոշել է լավություն անել իր հարազատներին ու մարզի մյուս պաշտոնյաներին: Բանն այն է, որ Նոյեմբերյանի ավագանու օգոստոսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր  նաեւ քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 44/8 հասցեում գտնվող 76,8 քառակուսի մետր մակերեսով տարածքը հասարակական կառուցապատման նպատակով երկարաժամկետ վարձակալության տրամադրելու հարցը: Այդ հողամասը գտնվում է Դիլիջանում՝ Նոյեմբերյանում պաշտոնավարող, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին պատկանող, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող  օբյեկտին կից: Ըստ օրենսդրության՝ հողամասերի տրամադրման համար մրցույթ պետք է հայտարարվի, սակայն Տավուշում մրցույթները ձեւական բնույթ են կրում: Ու դժվար չէ ենթադրել՝ տվյալ հարցն օրակարգ էր մտել դատավորի տարածքային հավակնությունները բավարարելու համար: Ի դեպ, այս տարածքը դատարկ հողամաս չէ, այնտեղ հարթակ է կառուցված: Իսկ դա նշանակում է, որ դատավորն ի սկզբանե զբաղեցրել է տարածքը՝ կառուցելով ինքնակամ կառույց եւ հիմա փորձում է այն օրինականացնել: Դեռ ավագանու նիստի ժամանակ քաղաքի ավագ դպրոցի տնօրեն, ավագանու անդամ Ռուբիկ Գիշյանը, բացահայտելով այս փաստը, նաեւ առաջարկել էր դիմել լիցենզիաներ տրամադրող կազմակերպությանը, որպեսզի այն Իջեւանից լիցենզավորված կազմակերպությանը զրկի լիզենզիայից, քանզի, ինչպես պարզվել էր ավագանու նիստում, այդ կազմակերպությունն ինքնակամ կառույցով հողամասը փաստաթղթերով ներկայացրել է որպես շինություններից ազատ տարածք: Նշենք, որ ավագանու անդամի առաջարկով այս հարցը հանվեց նիստի օրակարգից: Գիշյանը պատրաստվում է նաեւ դիմել այս դատավորի վերադասին՝ հայտնելով նրա ապօրինության մասին:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. այդ օրվա ավագանու նիստի օրակարգում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի առաջարկությամբ ընդգրկվել էր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի սպասարկման տարածքից 25.1 քառակուսի մետր հողամասի աճուրդով օտարման հարցը: Քաղաքապետն ասաց, որ ավագանու նախորդ նիստում այդ հարցը քննարկվել է, եւ ավագանու անդամների նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Նա հայտնեց, որ տվյալ եռանկյունաձեւ հողամասը գտնվում է մանկապարտեզի մուտքի մոտ, մանկապարտեզի տարածքից 25 քառակուսի մետր առանձնացրել են, դրա համար կադաստրի տարածքային ստորաբաժանումից ձեռք բերել վկայական: Ավագանու անդամների քվեարկությամբ հավանություն տրվեց այդ տարածքի վաճառքին, աճուրդային կարգով վաճառքի մեկ քառակուսի մետրի  մեկնարկային գին սահմանվեց 1500 դրամը: Նշենք, որ տվյալ տարածքը գտնվում է քաղաքապետարանի շենքից մոտ 50 մ հեռավորության վրա: Նոյեմբերյանում շատերը գիտեն, որ տվյալ հողամասն աճուրդային վաճառքի է դրվել քաղաքապետի քենակալ Հայկ Բուդաղյանի համար, որը Նոյեմբերյանի գործարարներից է: Բազմաթիվ նոյեմբերյանցիներ «Ժողովուրդ»-ի թղթակցին բողոքեցին մանկապարտեզի տարածքից հող առանձնացնելու եւ այն օտարելու որոշման դեմ՝ դա համարելով  անթույլատրելի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս