«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ վերջին 3 տարիներին Ադրբեջանում պահվող 7 հայ ռազմագերի ընտրել են երրորդ երկիր գնալու որոշումը: Թե որ երկրներն են ընտրել նրանք, չի բացահայտվում՝ հենց ռազմագերիների անվտանգությունից ելնելով:
ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գերիների մասին տեղեկությունը նույնիսկ ծնողների կողմից է գաղտնի պահվում. «Միայն կարող ենք ասել, որ նրանք հանձնվել են երրորդ երկիր, եւ որեւէ այլ կասկած լինել չի կարող»: Ըստ Ալավերդյանի՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ երրորդ պետություն ընտրած ռազմագերու հարազատներն իշխանությունների հետ խնդիրներ են ունենում, Հայաստանում երբեւէ նման դեպք չի գրանցվել: Լ. Ալավերդյանի խոսքով՝ գրեթե բոլոր գերիների մոտ խախտվել են մարդու իրավունքները եւ Ժնեւյան կոնվենցիայի մի քանի կետեր. «Մենք այս հարցերով բազմաթիվ անգամներ դիմել ենք միջազգային կառույցներին, վերջերս եւս երկու նամակ ենք ուղարկել, սակայն միջազգային կառույցների անտարբերությունը նման իրավախախտումների վերաբերյալ զարմանալի է»: Տիկին Ալավերդյանն ասաց, որ նախկինում` 1995-2000թթ., երբ դիմում էին միջազգային կառույցներ, բավական օպերատիվ պատասխան էին ստանում, միջամտում էին կատարվածին. «Անտարբերությունը կարելի է եւս քաղաքականացված համարել եւ կապել Ադրբեջանում նախընտրական իրավիճակի հետ, հավանաբար նրանք ցանկանում են, որ գործող վարչակազմը մնա»:
Թե ինչով է պայմանավորված վերջին երեք տարիներին 7 հայ ռազմագերու` երրորդ երկիր ընտրելու որոշումը, տիկին Ալավերդյանը մեկնաբանեց նրանց նկատմամբ կիրառված ճնշումներով: «Բազմաթիվ անգամ լսել ենք վերադարձած գերիներից, որոնք պատմել են, թե իրենց ինչ տանջանքների են ենթարկել երրորդ երկիր ընտրելու համար,-նշեց նա` հավելելով,-ի տարբերություն մեր հակառակորդի՝ Հայաստանում պահվող ռազմագերիներին միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ են հանդիպել»:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ. «Մարդու իրավունքների խախտումներ միայն Ադրբեջանում չեն լինում: Ինձ ո՞վ կարող է ասել` ինչպես եղավ, որ ռազմագերին, մեկ տարի մնալով Հայաստանում, ցանկանում էր մեկնել երրորդ երկիր, իսկ հիմա արդեն որոշումը փոխել է եւ ցանկանում է վերադառնալ Ադրբեջան»:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում ավելի քան մեկ տարի պահվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջեւը որոշել է վերադառնալ Ադրբեջան: Թե ինչու, ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չի պարզաբանում: Շատ իրավապաշտպաններ հակված են այն տեսակետին, որ ադրբեջանցուն ստիպել են գնալ այդ որոշմանը` Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակություն կատարելու համար:
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՈՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ