«ԵՍ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՊԱՏՐԻՈՏՆԵՐԻՑ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ խոսքով` ինքը քաղաքականությամբ բացարձակապես չի զբաղվում, դրա ժամանակը չունի: Դերասանի կարծիքով՝ արվեստագետի քաղաքականությունն իր բեմն է. «Նա պետք է բեմից կարողանա իր խոսքն ասել, բայց ոչ կոպիտ, վարկաբեկելով մեկին, այլ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դո՛ւ հասկացիր» սկզբունքով: Քաղաքականության մեջ ինչ ասես իրար ասում են, դա ինձ դուր չի գալիս: Դիպլոմատիա չեմ տեսնում»:
-Պարո՛ն Մարության, որքանո՞վ են թանկացումներն ազդում Ձեզ վրա:
-Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ՝ չեն ազդում, դա զգում եմ գնումների վերջում, ասում եմ՝ ինչ-որ գրպանիս փողը շուտ վերջացավ: Թանկացումներից բացի, շատ է անհանգստացնում նաեւ այդ արագաչափերի հարցը: Ստացվում է, որ մենք կրկնակի ենք նկարվում` մի դեպքում մեզ  նկարելու համար գումար են տալիս, մյուս դեպքում մենք ենք գումար տալիս պետությանը, երբ պատահաբար նկարվում ենք: Ես կողմ եմ կարգուկանոնին, որովհետեւ հարգում եմ ՀՀ քրեական օրենսգիրքը, բայց էդպիսի գներ չկան: Իմ աշխատավարձը 100 հազար է, ինձ 60 հազարի շտրաֆ է գալիս, այդ ամիս սովա՞ծ նստեմ: Չափ կա պատժելու: Խախտողը, միեւնույն է, խախտելու է, ու դա անում է հենց փողատերը, ում համար 10 հազար դրամը փող չէ: Իսկ խեղճ գյուղացին սխալվեց նկարվեց, կորած է:
-Զգո՞ւմ եք՝ ինչ բարդ է դարձել ապրելը, երկրի դատարկվելու մասին էլ արդեն չենք խոսում:
-Երկրի դատարկվելը զգում եմ թատրոնի տոմսերի վաճառքի վրա: Եթե նախկինում հենց ներկայացման օրը՝ այդ պահին, վաճառվում էր 200-250 տոմս, հիմա` հազիվ 50-100 տոմս:
Պետությանը չեմ կարող շատ մեղադրել, տեսնում եմ՝ ինչ վիճակի մեջ է: Ամբողջ աշխարհում էլ այդ կոռուպցիան կա, միայն թե ժողովուրդը չի զգում, իսկ մեզ մոտ ժողովուրդը զգում է: Ես էդպես էլ չհասկացա՝ մեր պետությունն ինչով է ապրում. գիտենք՝ մեկը նավթով, մյուսը գազով, իսկ մե՞նք: Այդպես էլ չկարողացանք կողմնորոշվել, հասկանալ՝ մենք ոնց ենք ապրելու, ինչ ճանապարհով ենք գնալու, գուցե մի բա՞ն հնարենք:
-Որքանո՞վ եք պաշտպանված Ձեր իսկ պետությունում:
-Ես մի քիչ ուրիշ տեսակի մեջ եմ ապրում, ինձ սիրում են, հարգում, ընդառաջում: Ես միշտ մտածում եմ` լավ, ես եմ այդպես, իսկ մնացածը ո՞նց են ապրում: Կարողացել եմ այս տարիների ընթացքում ժողովրդի հարգանքն ու սերը վաստակել, բայց հո պետությո՞ւնը չի հարգում, ժողովուրդն է: Նստել, մանր բաներից խոսել ինձ չի սազում, բայց վերաբերմունքը ժողովրդի կողմից է:
-Պետության կողմից պարգեւներ ունե՞ք:
-Ունեմ, վերջերս էլ արժանացա «Մովսես Խորենացի» մեդալին, բայց դա ինձ հո նվեր չե՞ն տվել, ես դրան արժանացա, վաստակեցի: Չնայած կան այնպիսի մարդիկ, որ իրենք այդքան չարժեն, բայց իրենց նվեր են տալիս, դա էլ են սխալ անում, թող չտան: Թատրոնում ինչ-որ մրցանակ տալու համար թող բարի լինեն գան, տեսնեն՝ այդ հավակնորդն ինչ արժի, թե չէ սրա-նրա ասելով մրցանակ չեն տալիս: Մի դեպքում Լոնդոնում խաղում ես, քո մասին գրում են` շատ հզոր Ջոն արքա խաղաց, կարող է խաղալ Լիր արքա, մյուս դեպքում լավ չեն վերաբերվում քո հայրենիքում: Դա էլ կարող է պատճառ դառնալ՝ լավ անգլերեն իմանաս, գնաս, Լոնդոնում խաղաս: Բայց դե հարցը դա չէ, ես գնացողներից չեմ:
-Ինչո՞ւ:
-Ես չեմ կարող ուրիշ երկրում ապրել, ես դերասան եմ, ինձ համար իմ երկրում ապրելը, գնահատված, ճանաչված լինելը թանկ բան է, 45 տարի է՝ Սունդուկյան թատրոնի դերասան եմ: Մի՛ նայեք, որ ես ջահել եմ երեւում, լավ էլ տարիքով եմ: Ես էս երկրի պատրիոտներից եմ, երեւի վերջին լույս հանգցնողներից մեկը ես կլինեմ: Բայց հո էսպես չի՞ մնա, ես հույս ունեմ, որ մի օր լավ կլինի: Եթե հույս չունենայինք, այսօր այս թատրոնը չէինք պահի, այս ծանր գործն այսքան նվիրված չէինք անի: Մի քիչ էլ պետք է մտածեն, որ մարդիկ արժանավայել ապրեն, բայց պետք է ճիշտն ասեմ, որ ես անարժանավայել ապրողներից չեմ: Ես իմ աշխատանքի շնորհիվ ստեղծում եմ, մի տասը տեղ եմ աշխատում:
-Գաղտնիք չէ, որ դերասանները գումար են վաստակում ոչ թե թատրոնում խաղալով, այլ սերիալներում նկարվելով:  
-Միայն թատրոնի աշխատավարձով դերասանը չի կարող ապրել, սերիալներն էլ են վերանում, ու շատ դերասաններ արդեն հեռանում են այս երկրից: Մեր ջահելներից շատերը չեն դիմանում: Սերիալը վատ բան չէ, ֆորմատ է, որն իր լսարանն ունի: Ես սերիալին նայել եմ շատ լուրջ, առողջությունս եմ քայքայել: Խորեն Աբրահամյանն ասում էր` եթե ուզում ես լավ խաղալ, մի քիչ էլ պետք է առողջությունդ քայքայես:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս