ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քրոջս ամուսինը 6 տարի է՝ անհայտ կորել է, եւ ոչ մի տեղեկություն նրանից չունենք: Քույրս ուզում է ամուսնալուծվել: Ինչպե՞ս պետք է կատարվի նրանց ամուսնալուծությունը, եթե չգիտենք՝ ամուսինը մեկ ուրիշ երկրում է, թե արդեն մահացել է:

Արտակ Բադեյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Նույն օրենքի 34-րդ հոդվ. համաձայն`  ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ դիմումում պետք է նշվեն՝ ա) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը եւ զբաղմունքը, բ) ամուսնության ակտի գրառման տվյալները, գ) այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո ընտրում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինը, դ) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ե) ամուսնալուծության հիմքերը, զ) ամուսիններից մյուսի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վերջին հայտնի վայրը, է) անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչի բնակության վայրը կամ այն քրեակատարողական հաստատության գտնվելու վայրը, որտեղ դատապարտված ամուսինը կրում է պատիժը, ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնալուծության մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մյուսին 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:
Ամուսնալուծվել ցանկացող ամուսինը ստորագրում է ամուսնալուծության մասին դիմումը եւ նշում այն ներկայացնելու ժամանակը:
Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծվել ցանկացող ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ:
ՔԿԱԳ այն մարմինը, որն ընդունում է ամուսնալուծության մասին դիմումը, եռօրյա ժամկետում պատիժը կրող ամուսնուն, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչին կամ խնամակալին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնին տեղյակ է պահում ամուսնալուծության մասին ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի եւ ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է կարգը, մնում է՝ յուրաքանչյուր անձ լինի տեղեկացված՝ անհրաժեշտության դեպքում ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ եւ ճիշտ դուրս գալու համար:




Լրահոս