Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի
և Շուշիի ազատագրության օրվա առիթով։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ուղերձում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, որով պաշտպանեցինք մեր ժողովրդի ազատ, արժանապատիվ կյանքի արդար իրավունքը:
Մայիսի 9-ի հաղթական խորհուրդն այսօր առանձնակի զգացումներով է լցնում մեր հոգիները, քանզի հայրենանվիրումի նույն ջերմ ոգով մեր զավակները ապրիլյան օրերին իրենց սխրանքներով դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին` անառիկ պահելով մեր սահմանները:
Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի աշխարհը, մեր հայրենիքն ու ժողովրդին և Իր Աջի հովանին տարածյալ պահի մեր Բանակի մարտիկների ու զորավարների վրա, ովքեր շարունակում են քաջաբար պաշտպանել ազատ ու խաղաղ կյանքը մեր ժողովրդի»: