Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր: Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար:
«Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ: Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: