«Ժողովուրդ»-ը շարունակում է հայ հայտնիների հետ բլից-հարցազրույցների շարքը: Այս կերպ մենք ընթերցողներին կօգնենք բացահայտել մեր զրուցակիցների անհատականությունը, ծանոթանալ նրանց անցած ուղուն, նախընտրություններին, բացահայտել նրանց բոլորովին այլ «ռակուրսից»: Այս անգամ զրուցել ենք բազում հիթերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ:
-Ավե՛տ, Դուք ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-Ցավոք, իմ ծնունդը կապված է շատ մեծ տրագեդիայի հետ` հորս մահվան: Հոգեկան աշխարհի այդ ցնցումից հետո սկսեցի էզոթերիկ, հոգեվերլուծական, փիլիսոփայական գրականությանը մոտենալ: Հենց այդ ժամանակահատվածում էլ, կարելի է ասել, ես ծնվեցի:
-Ձեր մասնագիտական ճանապարհին հանդիպած ճակատագրական մարդիկ:
-Արթուր Գրիգորյան, Անիտա Հախվերդյան, Վախթանգ Կարախանյան, Ռուբեն Ջաղինյան, Արմեն Ամիրյան. նրանք բոլոն ուղղորդել, օգնել են ինձ իմ կարիերայում, եղել են կողքիս:
-Ձեր ամենահիթային, հաջողություն գրանցած երգը:
-Դժվարանում եմ ասել, մոտավրապես 600 երգի հեղինակ եմ, որոնցից շատերը տարբեր ժամանակներում եղել են հիթեր, բայց եթե ասեն` դրանցից մեկը պետք է ուղարկես տիեզերք, դա կլինի Անդրեի համար գրած «Իմ սերը քեզ» երգը:
-Իսկ ամենահոգեհարազա՞տ ստեղծագործությունը:
-Հենց «Իմ սերը քեզ»-ը, նաեւ` Անի Քրիստիի համար գրած «Իմ լռություն»-ը: Ունեմ մեկ այլ հոգեհարազատ երգ, որը պայքար է մղում` «Պռեգոմեշ»-ը, մի ուրիշ երգ կա, որ շատ մոտ է սրտիս` Արամեի «Հայրիկ»-ը, երբ ուզում եմ շատ սիրել երկիրս, «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»-ն եմ լսում: Սրանք բոլորը իմ տարբեր հոգեվիճակների արտացոլումն են:
-Կոլեգաների շրջանում ընդունված մի բան, որը Ձեզ համար երբեք չդարձավ սովորական:
-Երեւի` նախանձը, կլինի դա պրոֆեսիոնալ, թե մարդկային: Երբեք սովորական չի դառնում նաեւ անիմաստ կծոցը, քաղցր խոսքերից ու գովասանքից րոպե չանցած` չար բամբասանքը. ամեն անգամ նման երեւույթի հանդիպելիս մանկան պես հուզվում եմ, կապ չունի` իմ հանդեպ կլինի, թե մեկ ուրիշի:
-Մի բան, որ պարզապես չեք հասցնում:
-Չեմ հասցնում օրվա ընթացքում շատ ավելի շփվել կարեւոր մարդկանց հետ` ընտանիքիս անդամների: Գործնական վազքի մեջ ենք, վազում ենք, որ հասնենք անիմաստ փառքի, որը մեզ չի փրկի. այդ թեման արծարծել եմ նաեւ «Իմ լռություն» երգում:
-Կա՞ մի իրողություն, որը քաղցր չէ, բայց Դուք դրան նայում եք ժպիտով:
-Այո, դա երեւանյան, հայաստանյան ներկայիս իրավիճակն է, մեր ապրելակերպը, որին եթե ժպիտով չնայես, կարելի է ուղղակի խելագարվել:
-Չեք կարող հարմարվել մենությանը, թե՞ մենակությանը:
-Հոգեւոր մենությանը: Մենակության հետ շատ վաղուց եմ հաշտվել, մենության հետ էլ էի սկսել հարազատորեն շփվել, բայց, փառք աստծո, դա անցավ:
-Սովորություն, որից հնարավոր չէ ձերբազատվել:
-Ահավոր մի սովորություն ունեմ` տգեղ եւ անցանկալի` ծխելը:
-Տղամարդկանց եւ կանանց շրջանում Ձեզ համար ամենաանտանելի որակները:
-Տղամարդու` ձեռքը փակ լինելը, ձեռքը գրպանը չտանելը ինձ կարող է ցնցել, ընդ որում, այս պարագայում սոցիալական վիճակը կապ չունի, իսկ կանանց դեպքում չեմ ընդունում, որ փորձում են առնանդամ ունենալ, այսինքն` նրանց այդ գերակտիվ վիճակը ավելի շատ ձանձրացնում է ինձ, քան զայրացնում:
-Մեր քաղաքի ամենասիրելի վայրը, ուր այցելում եք Ձեր կնոջ հետ:
-Կասկադն է երեւի, ընդհանրապես, Կասկադը Երեւանում իմ ամենասիրելի վայրն է:
-Ձեր ամենամեծ հաղթանակը:
-Դեռ առջեւում է:
-Ամենամեծ երազանքը:
-Առանց որեւիցե ժողովրդա-պոպուլիստական տեքստերի` այս օրերին դա, իսկապես, երկրի խաղաղությունն է: Կեցցեն մեր տղերքը, կեցցեն մեր մայրերը, ուրիշ բան չեմ կարող ասել, մնացածն արդեն ցույց եմ տվել իմ գործով` Արցախ մեկնելով եւ մտքերս թղթին հանձնելով:
Աննա Բաբաջանյան