Հայաստանում բենդով աշխատելը դժվար է. Վահագ Ռաշը` ապագայի ծրագրերի եւ նոր երգերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան), ով հաճախ երգեր է գրում հայ հայտնի բանաստեղծների խոսքերի հիման վրա, ինչպես նաեւ հանրությանը ծանոթ մի շարք երգեր մատուցում է նորովի, «Ժողովուրդ»-ին պատմել է, որ այժմ արդեն աշխատում է «Հայուհի գեղեցիկ» երգի վրա, որը կմատուցի բոլորովին նոր, ժամանակակից գործիքավորմամբ. «Սա կլինի ոչ թե ռոքային, այլ ակուստիկ ոճի երգ, օրիգինալի համեմատ առկա է ռիթմային թեթեւ փոփոխություն: Գործիքավորման ընթացքում հիմնականում օգտագործվել են կիթառ եւ լարային գործիքներ»,- ասաց նա:

Վահագը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է «Հայ սուպեր-սթար 2» նախագծի ֆինալիստ, «Պրեմիերա 3»-ի մասնակից Նարե Գեւորգյանի հետ դուետ ձայնագրել` կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանի երաժշտությամբ եւ Սիլվա Կապուտիկյանի խոսքերով «Կարոտի պահին» երգի հիման վրա. «Ես ինքս առաջարկեցի Նարեին միասին կատարել այդ երգը, քանի որ այլ տարբերակ չգտա. նրա ձայնը բավական համահունչ է երգին»,- նկատեց Վահագը:

Հայ բանաստեղծներից Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի եւ այլոց խոսքերով երգեր ստեղծելուց հետո Վահագն արդեն անցել է ռուս պոետներին: Նա Իննոկենտի Աննենսկիի «Աշնանային ռոմանս» բանաստեղծության հիման վրա գրել է նոր մի երգ. «Ինձ հոգեհարազատ լեզուն, բնականաբար, հայերենն է, բայց պետք է նկատել, որ ռուսերենն էլ բավական երգեցիկ եւ բանաստեղծական լեզու է»,-նշեց նա:

Երգիչը տեղեկացրեց, որ արտերկրից համերգների հրավերներ ունի, բայց քանի որ «Վահագ Ռաշ» բենդի երաժիշտների մեծ մասը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է արտերկիր, դա եւ այլ ծրագրեր հնարավոր չի լինում իրականացնել. «Հայաստանում բենդով աշխատելն, առհասարակ, դժվար է, հատկապես, եթե խմբի անդամները կայացած երաժիշտներ են, նրանք ուզում են գումար աշխատել, իսկ կոնկրետ մեր բնագավառում այդ գումարը հաճախ բավական չի լինում նորմալ կյանքով ապրելու համար: Ուստի որոշել եմ հիմնական բենդ չպահել, այլ պարբերաբար համագործակցել երաժիշտների հետ»,-մեկնաբանեց նա:

Ի դեպ, մայիսին «Թանգարանային գիշեր» միջազգային գարնանային տոնի շրջանակում Վահագ Ռաշը փոքրիկ մենահամերգով հանդես կգա Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս