Պատասխան ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 29-ին մենք՝ “Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը” սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի մի շարք շահառուներս տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որում ներկայացրել էինք փաստեր այն մասին, որ նշված ծրագիրը “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ի (այսուհետ՝ ՀԿ) կողմից իրականացվում է ժամկետների էական խախտումներով և առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:
Ի պատասխան այդ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն: Ողջունելով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից մեր հաղորդագրությունն անպատասխան չթողնելու հանգամանքը, այդուհանդերձ դրա առթիվ հայտնում ենք հետևյալը.
1. Համաձայն մեր և ՀԿ-ի միջև կնքված նախնական պայմանագրի` Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2012թ. հոկտեմբերի 30-ին: Այսօր 2013թ. սեպտեմբերի 2-ն է, շենքը դեռ շահագործման հանձնված չէ: Ձեր պատասխանում մեղադրում եք շինարարական կազմակերպությանը, որն անպատասխանատու է գտնվել իր պարտականություններում: Շինարարներն էլ իրենց հերթին փաստում են, որ 6-7 ամիս է, ինչ իրենց գումար չեն տվել, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները սառեցվել են: Առաջարկում ենք շահառուների ներկայությամբ իրականացնել համատեղ մամուլի ասուլիս ՀԿ-ի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի ընթացքում կբարձրաձայնեք ձեր տեսակետները:
2. Ձեր հայտարարության մեջ նշվում է, որ “շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը”, մինչդեռ ավարտված են շենքի ընդամենը առաջին 5 հարկերի բնակարանների աշխատանքները: Որքան բարձրանում ենք 5-րդ հարկից, այնքան բնակարաններում կատարված աշխատանքների ծավալներն ավելի են պակասում, իսկ վերջին հարկերում` գրեթե ոչինչ արված չէ: Այդ մասին կարող են փաստել 26.08.2013-ին մեր կողմից արված լուսանկարներն ու նկարահանումները, որոնք հասանելի են հետևյալ հղումներով՝ 
https://www.dropbox.com/sh/p61zh35tbrud03s/Qu_e6p9ZFA
http://www.youtube.com/watch?v=WaQh_Hszv0o&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=r0H1i80-bdI&feature=youtu.be: 
3. Հայտարարության մեջ գրում եք. ,շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ (չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը)ե: Նշենք, որ համաձայն կնքված պայմանագրի, շահառուն մինչև շենքի կառուցման ավարտը պիտի վճարեր բնակարանի արժեքի 85 տոկոսը։ Մնացած 15 տոկոսը շահառուն պարտավորվում էր վճարել իր բնակարանը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Բոլոր շահառուներն ըստ ժամանակացույցի վճարել են իրենցից պահանջվող 85 տոկոս գումարները, ավելին` կան շահառուներ, որոնք ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանների ողջ գումարը, չնայած որ կառուցապատողը մնացյալ 15 տոկոս գումարն անգամ խնդրել-պահանջելու որևէ իրավասություն չուներ: Այնպես որ ասել, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը, մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է, որ նպատակ ունի նենգափոխել խնդրի էությունը: 
4. Նշում եք, որ “Բնակարանաշինական ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ԵՊՀ շրջանավարտների միավորումը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծրագրի շահառուների իրավունքներին և օրինական շահերին՝ դրանք հավուր պատշաճի ներկայացնելով շինարարական կազմակերպության և այլ մարմինների հետ հարաբերություններումե: Անշուշտ ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի, թե ինչու է նման պատասխանատու մոտեցման պարագայում անգամ շենքի շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում, այն էլ անհայտ ժամանակով: 
5. Ասում եք, որ “մշտապես համարել ենք, որ նման բնույթի սոցիալական բնակարանաշինական ծրագրի հաջողության գրավականը եղել և մնում է շահառուների հետ ակտիվ համագործակցությունը, նրանց հետ համատեղ և համակարգված աշխատանքը, ինչը մեր գնահատմամբ ստացվել էե: Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականի ապրիլից ի վեր՝ ՀԿ-ի՝ ի դեմս պարոն Քարամյանի հետ մենք 2 խմբային հանդիպում ենք ունեցել՝ ս.թ. մայիսի 17-ին և հուլիսի 12-ին, որոնք եղել են ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուներիս նախաձեռնությամբ, և որոնց ընթացքում անընդհատ նշվել են իրականությանը չհամապատասխանող ժամկետներ և փաստեր՝ այն էլ առանց հիմնավոր փաստաթղթերի, ինչպես նախատեսում է պայմանագիրը: Ավելին՝ վերջին ֆոտոռեպորտաժը շինհրապարակից ՀԿ-ի www.ysugu.am կայքում տեղադրվել է ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին: 
6. Ձեր հայտարարության մեջ մեր հասցեին մեղադրանք եք հնչեցնում և մեր արդարացի բողոքը որակում որպես “ծրագրի առաքելության անհարկի շահարկում” “անտրամաբանական և ուղղորդված” և խնդրում “զինվել համբերությամբ և զերծ մնալ ծրագրի տարաբնույթ և անհիմն շահարկումներից”: Ամիսներ շարունակ մենք համբերությամբ զինված սպասել ենք և փորձել ըմբռնումով մոտենալ: Ցավով ենք փաստում, որ մեր բարձրաձայնած բողոքն ավելի արդյունավետ գտնվեց, քան ամիսների լռությունը. օգոստոսի 30-ին շենքում արդեն բանվորներ էին աշխատում: 
Եվ վերջում. ամենևին էլ պետք չէ մեր արդարացի բողոքի մեջ ուղղորդում փնտրել և նման պիտակավորումներ անել: Այս ծրագրի շահառուները երկրի մտավորականության հատվածն են, ովքեր գիտեն իրենց իրավունքներն ու պայքարում են դրանց համար: Ինչ վերաբերում է ուղղորդված լինելուն, ապա այո՛, մեզ ուղղորդում են, բայց միայն խաբված լինելու զգացումը և արդարացի բողոքը:
Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ




Լրահոս