Եվրամիության ութ խոշոր պետություններում հարցվածների գրեթե կեսը (48 տոկոսը) այն կարծիքին է, որ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, մյուս երկրները կարող են դիմել նույն քայլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են IpsosMORI անկախ գործակալության կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Դրա հետ մեկտեղ հարցվածների առնվազն 49 տոկոսն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչները հանդես կգան Եվրամիությունից դուրս գալու օգտին, ինչը հարցման մասնակիցների 51 տոկոսի կարծիքով, կվնասի ԵՄի տնտեսությանը, իսկ 36 տոկոսի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: 2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում պլանավորված հանրաքվեի օրինակով հանրահարցում անցկացնելու օգտին հանդես է եկել Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Իսպանիայում եւ Շվեդիայում հարցվածների 45 տոկոսը: Իտալիայում ԵՄի կազմից դուրս գալու օգտին պատրաստ են քվեարկել առավել մեծ թվով հարցվածներ (48 տոկոսը):
IpsosMORI ընկերության ներկայացուցիչ Բոբի Դաֆիի խոսքով, որը մեջբերել է Reuters գործակալությունը, «իտալացիները, մասնավորապես, հույս ունեն ԵՄին անդամակցության հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու հնարավորություն ստանալ, ինչը առիթ է տալիս մտածելու, որ նույնիսկ եթե Բրիտանիայում հունիսին կայանալիք քվեարկությունը լինի ստատուսքվոն պահպանելու օգտին, դրանով ԵՄում անախորժությունները չեն ավարտվի»: ԵՄ-ի կազմից դուրս գալու կողմնակիցներն ամենից քիչն են Լեհաստանում (22 տոկոս): Ընդհանուր առմամբ, հարցվածների մոտավորապես երրորդ մասը կքվեարկեր Եվրամիությունից դուրս գալու օգտին: Հարցումն անցկացվել է այս տարվա մարտի 25-ից մինչեւ ապրիլի 8-ը: Դրան մասնակցել է 6 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: