Մայիսյան հաղթանակների առթիվ մայիսի 9-ին բազմամարդ է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»ի մոտ: Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները:
Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ 71 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում արյան գնով վաստակվել է հաղթանակը եւ թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մայիս ամիսը դարձավ հաղթանակների, հերոսական սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ:
Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, քանզի մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլեւ մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման 24-ամյակը: Իրենց պապերի եւ հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը: Մեր Հայկական և ռուսական զորքերը Գյումրիում համատեղ շքերթ նվիրեցին հաղթանակների տոնին խոնարհումն ենք բերում Արցախյան հերոսամարտում եւ դրանից հետո նահատակված մեր քաջորդիների շիրիմների առջեւ:
Փառք ու պատիվ բոլոր նրանց« ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը: Հաղթանակի եւ խաղաղության 71-րդ, եւ Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձների կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ, հատկապես, Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերաններին, մերօրյա հերոս զինվորներին` ցանկանալով քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն»,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Ներկաներին նաեւ ողջունեցին եւ շնորհավորեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «71 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ, իսկ 1992-ին հայ կամավորականներն ազատագրեցին Շուշին, այս օրն առավել նշանակալի դարձնելով հայ ժողովրդի համար: Դժվարին պայքարներում հայերը մշտապես կարողացել են հաղթանակած դուրս գալ, ինչը վառ վկայությունն է հայ զինվորների հայրենասիրության եւ նվիրվածության, անկոտրում ոգու եւ կամքի:
Գլուխ ենք խոնարհում եւ մեր հարգանքի տուրքը մատուցում բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով եւ կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, մայիսյան տոների կապակցությամբ, մաղթելով խաղաղություն, բարեկեցություն եւ վստահություն ապագայի հանդեպ»,իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետը:
Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը: